Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն ու փոխմարզպետը մտադիր են առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետն ու փոխմարզպետը կառաջադրվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով։ Այսօր այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ Լոռիում կուսակցությունը կառաջադրի ևս 13 թեկնածուի:

Նրանց մեջ կլինեն նաև Կառավարության լոռեցի անդամներ․ - «Կառավարությունում լոռեցիները շատ են: Իհարկե բոլորը չեն առաջադրվի, բայց մի մասը կառաջադրվեն Լոռու մարզում»։

Անդրեյ Ղուկասյանն ընդգծում է, որ ամեն ինչ անելու են ընտրությունների նախկին արատավոր երևույթները, հատկապես ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը բացառելու համար․ - «Ես ինքս չեմ պատրաստվում օգտագործել վարչական ռեսուրսը մեր քաղաքական ուժի կողմից, և եթե փորձեն իրենք, իրենց նախկին կապերը օգտագործելով, ինչ-որ ճնշումներ գործադրել, կամ կաշառ բաժանելու մեծ փորձ ունեն էդ մարդիկ, փորձեն էդ ձևով անեն, իրենք շատ լուրջ պրոբլեմներ կունենան: Համենայն դեպս Լոռու մարզում ես եմ դրա պատասխանատուն, և թույլ չենք տալու, որ որևէ նման բան լինի»:

Մարզպետը համոզված է, որ ընտրակաշառքի ցանկացած փորձ կոշտ արձագանքի է արժանանալու․ - «Նախկինում բոլորը դրա մասին տեղյակ էին․․․ բայց միջոցներ չէր ձեռնարկվում, չկար էդ կամքը և ցանկությունը: Հիմա տրամագծորեն հակառակն է»:

Մարզի համայնքապետերի մեծ մասը շարունակում է անդամակցել գարնանը իշխանությունից զրկված Հանրապետական կուսակցությանը։ Մարզպետն այսօր հույս հայտնեց, որ նրանք, ովքեր նախկինում կուսակցության պահանջով գնացել են անգամ ընտրություններ կեղծելու ճանապարհով, այսօր կհրաժարվեն այդ գործելաոճից․ - «Էն համայնքապետերը, որոնք եղել են Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչներ, իրենց համայնքի ամենաակտիվ փող բաժանողները և այլն, և այլն, իրենք իրենց բնակչության վստահությունը այլևս չեն վայելում, իրենք ունեն խնդիր իրենց վստահությունը, վարկանիշը վերականգնելու: Չեմ կարծում, որ մեկ անգամ ևս կգնան էդ սխալ ճանապարհով և մեծ աջակցություն ցույց կտան նախկին պաշտոնյաների»:

Չի բացառվում, որ Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչները պայքարի մեջ մտնեն նախկին հանրապետական մարզպետի և Ազգային ժողովի հանրապետական պատգամավորների հետ։ Այսօր նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը չցանկացավ այդ մասին խոսել, քանի դեռ «որոշում չի կայացրել»։ Իսկ ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրերս մամուլին տված հարցազրույցներում չէր բացառել, որ իր ծննդավայր Ալավերդիում ձայներ կստանա։

Ընդամենը մեկ տարի առաջ Լոռիում ամենաշատ թվով՝ ավելի քան 44 հազար քվե ստացած հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը, մինչդեռ, երկու օր առաջ հայտարարեց, որ այս անգամ չի առաջադրվի և չի մասնակցի արտահերթին, թեև նրա հարազատ Տաշիրում ընտրողներն «Ազատությանն» ասել էին, որ բարձր են գնահատում նրա բարեգործությունները մարզի տարածքում և պատրաստ են առաջադրվելու դեպքում ընտրել նրան։

Այսօր մամուլիս ասուլիսին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ պատրաստ են առողջ մրցակցության մեջ մտնել ցանկացած կուսակցության կամ թեկնածուի հետ, բայց միևնույն ժամանակ կասկած հայտնեց, թե նախկին իշխանավորները ընտրվելու մեծ շանսեր ունեն․ - «Ես չեմ կարծում, թե նախկին իշխանավորները ունեն մեծ շանսեր, և մարդիկ կան, որոնք երազում են, որ Սերժ Սարգսյանը նորից վարչապետ դառնա: Մենք արդեն այլ նպատակներ ունեցող, այլ երազանքներ ունեցող ժողովուրդ ենք և չենք պատրաստվում հետ գնալ էդ ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG