Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը Աստանայում մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին


Ղազախստան - ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի մասնակիցները, Աստանա, 8-ը նոյեմբերի, 2018թ․
Ղազախստան - ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի մասնակիցները, Աստանա, 8-ը նոյեմբերի, 2018թ․

Այսօր Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Մնացականյանը իր ելույթում վերահաստատել է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման և արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Նախարարի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն է հրավիրել միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման և քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։ Նշվել է, որ այս հարցը հանդիսանում է լրջագույն մարտահրավեր միջազգային անվտանգությանը, և պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար:

Զոհրաբ Մնացականյանը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ, ասված է արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Մնացականյանը կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշել, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտել է խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծել է, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

Նախարարական համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն է տրվել այսօր օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG