Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը կքննարկի նոյեմբերի 11-ին՝ խորհրդի ընդլայնված նիստում


Նոյեմբերի 11-ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցը: Կուսակցության ղեկավարի փոփոխության հարց օրակարգում չկա, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց հանրապետական Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, բացի այն, որ կուսակցությունը նման անհրաժեշտություն չի տեսնում, նաև սահմանափակված են ժամանակով և չեն հասցնի համագումար հրավիրել:

Յոթ ամիս առաջ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին կուսակցության նույն ղեկավարով ներկայանալու որոշումը բացասական չի՞ ազդի կուսակցության արդյունքների վրա․ այս հարցին Մինասյանն արձագանքեց․ - «Հրապարակում հավաքված ժողովուրդը պարոն Սարգսյանի վերաբերյալ իր արտահայտությունները վերաբերում էր որպես երկրի առաջին դեմքի, ոչ թե երկրի կուսակցություններից մեկի առաջին դեմքի։ Դրանք շատ տարբեր բաներ են»։

Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյան

Դիտարկմանը, թե հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ հետևություն կատարելով Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների կրած պարտությունից, վարչության կազմի և նախագահի փոփոխություն ձեռնարկեց, իսկ իշխանություն կորցնելուց հետո ի՞նչ հետևություններ է արել ՀՀԿ-ն Մինասյանն արձագանքեց․ - «Իշխանության կուսակցությունը իր մեջ ներառում է քաղաքական գործընթացներին ոչ այնքան հարիր մարդկանց, որոնք իսկապես իրենցով կաշկանդում են կուսակցության դրական ընթացքը։ Մենք իսկապես փորձել ենք ձերբազատվել այդպիսի մարդկանցից։ Ես կարծում եմ, որ ցանկացած կուսակցություն անընդհատ պետք է լինի փոփոխությունների մեջ, անկախ նրանից՝ իրավիճակը կայուն է, հաջողություններ են, թե անհաջողություններ են։ Ճիշտ այդպես էլ վարվում է մեր Հանրապետական կուսակցությունը և ես կարծում եմ, որ այն ցուցակը, որ մենք կներկայացնենք մեր նոյեմբերի 11-ի նիստից հետո, համահունչ կլինի այն իրողություններին, որոնք այսօր ստեղծվել են մեր երկրում»։

Գագիկ Մինասյանը նշում է, որ կուսակցության քաղաքական վերնախավում ևս փոփոխություններ լինելու են, առանց հստակեցնելու՝ ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, որ կուսակցության նախագահի առաջին տեղակալ ընտրվելու է Վիգեն Սարգսյանը, ով ամենայն հավանականությամբ կգլխավորի ՀՀԿ ցուցակը:

Պաշտպանության նախկին նախարարն, ի դեպ, վերջերս բավականին ակտիվ է Ֆեյսբուքում:

«Իշխանական կորպորացիա»

Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Կուսակցության ղեկավարի փոփոխությունը հատուկ է ներկուսակցական ժողովրդավարություն ունեցող համակարգերին, մինչդեռ Հանրապետականը լիդերի վրա հիմնված կուսակցություն է, որտեղ անձի իշխանությունը քննարկելի չէ, ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ Հանրապետական կուսակցության գործողությունները և հայտարարությունները չեն վկայում հեղափոխությունից հետո արված հետևությունների մասին։

«Իր բնույթով Հանրապետականը եղել է ընդամենը տարբեր խմբերից կազմված մի իշխանական կորպորացիա, իսկ կորպորացիայում արդեն քաղաքական արդյունքը չէ որոշողը՝ հարցերը լուծվում են տնտեսական շահերով՝ փոխադարձ պարտավորություններ, պայմանավորվածություններ, հակասություններ և այլն։ Եվ այս տեսանկյունից եթե նայում ենք, բնական է, որ քաղաքական արդյունքը չէ, որ բերելու է կուսակցության ղեկավարության վերանայման», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Բադալյանը։ - «Տնտեսական արդյունքից է ամեն ինչ կախված, իսկ սա հիմա Հանրապետականի ներսում իհարկե բերում է բազմաթիվ հարցերի, բայց արդեն հարցերի՝ բոլորը բոլորի նկատմամբ։ Այսինքն, հարցերը միայն Սերժ Սարգսյանին ուղղված չեն, այլապես Սարգսյանին կփոխեին վաղուց, այսինք ապրիլի 23-ից հետո կհանեին Սարգսյանին և կնշանակեին նրան, ում տեսնում են որպես երաշխավոր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG