Սպիտակ տունը բռնագրավել է CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստայի վկայականը երեկ մամլո ասուլիսի ընթացքում լրագրողի և նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած նյարդային բանավեճից հետո:
Անդրադառնալով Հարավային Ամերիկայից Միացյալ Նահանգներ ուղևորվող միգրանտների քարավանին, լրագրողը հարցրել է Թրամփին, թե արդյո՞ք նա չի շահարկել միգրանտների խնդիրը նախընտրական արշավի ընթացքում:
Երբ Թրամփն դա հերքել է և ասել է, թե ցանկանում է, որ միգրանտները մուտք գործեն միայն օրինական ճանապարհով, լրագրողը շարունակել է թեման, ասելով, թե «այդ միգրանտները հիմա հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա են, նրանց քարավանը չի կարելի անվանել ներխուժում»:
Դրանից հետո Թրամփն ասել է, թե «բավ է այլևս», և պահանջել է, որ լրագրողը հանձնի բարձրախոսը:
Սպիտակ տան աշխատակցուհին փորձել է վերցնել խոսափողը, սակայն լրագրողը չի զիջել և ձեռքով պաշտպանել է այն:
Ավելի ուշ Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Հանդերսը հայտարարել է, թե «բացարձակ անընդունելի է, երբ լրագրողը ձեռքով դիպչում ու հրում է իր աշխատանքը կատարող երիտասարդ աշխատակցուհուն»:
Ակոստան իր Թվիթերի էջում «սուտ» է որակել Սանդերսի հայտարարությունը: CNN-ը պաշտպանել է լրագրողին, հայտարարելով, որ «նրա մամլո վկայականը խլել են սուր հարցեր տալու պատճառով»:
CNN-ը նաև Սառա Սանդերսին մեղադրել է Ակոստայի կեցվածքի մասին ստեր տարածելու համար:
Վերլուծաբանները նշում են, որ այդ մամլո ասուլիսով գրանցվեց Թրամփի և լրագրողների հարաբերություններում մի նոր անկում:
Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքը անվանել է «հանրապետականների համար մեծ հաղթանակ, որը ձեռք է բերվել զարհուրելի և թշնամական մամուլի ճնշման պայմաններում»: