Միացյալ Նահանգները միջազգային համայնքին կոչ է արել արգելել իրանական նավթակիր նավերի մուտքը նավահանգիստներ:
Պաշտոնական Վաշինգտոնը նշում է, որ այդ նավերի ընդունումը կարող է ոչ միայն հանգեցնել ամերիկյան պատժամիջոցների, այլև դառնալ բնական խոշոր աղետների պատճառ:
Միջազգային ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել իրանական նավերը: Դրա հետևանքով Իրանը ստիպված է պայմանագրեր կնքել տեղական ընկերությունների հետ, սակայն դրանց միջոցները բավական չեն հնարավոր խոշոր աղետների դեպքում հատուցում վճարելու համար, քանի որ նավթակիր նավերի հետ կապված պատահարների հատուցումը կարող է հասնել միլիարդավոր դոլարների:
«Սուեզի ջրանցքից մինչև Մալակկայի նեղուց՝ իրանական տանկերները հիմա դարձել են նավարկող դատական գլխացավանք», - ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Երկրները, նավահանգիստները, նեղուցներում աշխատող օպերատորները կամ մասնավոր ընկերությունները պետք է գիտակցեն, որ իրենք են պատասխանատվություն կրելու այն դեպքում, եթե նավթ փոխադրող իրանական նավերի հետ վթար պատահի», - զգուշացրել է Հուքը:
Նա հավելել է, որ փորձելով խուսափել ամերիկյան պատժամիջոցներից՝ իրանական նավթակիրների նավապետերը միտումնավոր անջատում են տեղորոշման սարքավորումները, որոնք խիստ անհրաժեշտ են ծովում մեկ ուրիշ նավի հետ բախումից խուսափելու համար: