Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակցության հարցը ՀՀԿ-ն կքննարկի նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 11-ին կհրավիրի ընդլայնված կազմով խորհրդի նիստ, որտեղ կորոշվի դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը:

Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, չի բացառվում, որ այդ նիստում նաև կուսակցության փոխնախագահի փոփոխություն տեղի ունենա։

Շարմազանով. - Կուսակցությունն ամենայն հավանականությամբ ամսի 11-ին կհրավիրի խորհրդի նիստ, որը կլինի նաև խորհրդի ընդլայնված կազմով, և կքննարկենք կուսակցության մասնակցության և քարոզչության իրականացման հարցերը մեր խորհրդի գործընկերների հետ։

«Ազատություն». - Խորհրդի նիստում հնարավո՞ր է տեղի ունենան նաև կուսակցության փոխնախագահի փոփոխություններ։

Շարմազանով. - Թե ինչպիսի օրակարգ կլինի, որոշում կկայացնենք, մենք հրապարակային կներկայացնենք։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, թեև պետք է այդտեղ որոշվի, բայց կարող ենք ասել, որ 90 տոկոսով արդեն հստակ է, որ Հանրապետականը կմասնակցի ընտրություններին՝ դատելով հայտարարություններից, որոնք անում են կուսակցության ներկայացուցիչներն, այդ թվում՝ նաև Դուք։

Շարմազանով. - Իմ տպավորությամբ, ամիսներ շարունակ ասել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի, և երեկ էլ հայտարարել եմ՝ Հանրապետականը երկրորդ տեղի հիմնական հավակնորդն է։

«Ազատություն». - Գնում եք որպես արմատակա՞ն ընդդիմություն։

Շարմազանով. - Գնում ենք որպես պետականամետ, պետության շահերը սպասարկող, կառուցողական և երբեմն նաև ռադիկալ ընդդիմություն, բայց կոռեկտ ընդդիմություն, որը սպասարկելու է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահը և օգնելու է պետությանն ու իշխանությանը՝ մատնացուցելով նրա թերությունները, որպեսզի ոչ թե իշխանությունն ավելի թուլանա, այլ մեր մատնանշած թերությունները շտկելով ուժեղացնի հայոց պետականությանը ընդդիմության հետ միասին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG