Մատչելիության հղումներ

Չէր կարող բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվել սադրանքներով․ Արմեն Մուրադյան


18 տարվա ընդմիջումից հետո Երևանի պետական բժշկական համալսարանը այսօր գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց երկու ֆակուլտետների դեկանների:

Գիտական խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած մեղադրանքին, թե Արմեն Մուրադյանի գլխավորությամբ վարչապետին ուղղված բաց նամակը սադրանք էր իր անձի դեմ և «ճանճը փիղ դարձնելու օպերացիա»՝ Մուրադյանը նշեց․ - «Չէր կարող բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվել սադրանքներով: Նրանք զբաղված են բժիշկներ կերտելով»:

Իր նախարար եղած տարիներին բուժհաստատություններում հայտնաբերված անարդյունավետ գնումների մասին հայտարարության կապակցությամբ Արմեն Մուրադյանն ասաց, որ դրանով կարող են զբաղվել իրավապահները:

Առաջիկայում կձևավորվի նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ամենայն հավանականությամբ չի ընդգրկվի որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ թվում Առողջապահության նախարարը:

«Սա քաղաքական որոշում է, թե ով պետք է լինի, որպեսզի խուսափենք շահերի բախումից: Ի վերջո նախարարությունները կարող են մշտապես վերահսկողություն սահմանել: Եթե անդրադարձ անեմ պետական քննություններին, դրանք բոլորը ձայանգրված են, և չեմ կարծում, որ պետք է նախարարի բազմազբաղ ժամանակը տրամադրել, որ մասնակից դարձնել գործընթացի, որը տեսաձայանգրվում է», - նշեց Մուրադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG