Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ուժերից շատերը ընտրություններին մասնակցելու հարցում վերջնական որոշում չունեն


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում

Թեև առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գրանցման վերջնաժամկետին մնացել է ընդամենը 7 օր, արտախորհրդարանական ուժերից շատերը դեռ վերջնական չեն որոշել՝ մասնակցելու են արտահերթ ընտրություններին թե ոչ։

«Ամեն պահ ինչ-որ մի նորություն ես լսում, մի քայլ է կատարվում քաղաքական դաշտում, որը, ըստ էության, որոշումը մի փոքր կարող է փոխել», - պարզաբանում է «ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Հայ ազգային կոնգրեսն» իր հերթին վերջնական որոշում չունի՝ կմասնակցի ընտրություններին թե ոչ, դեռ քննարկում են, առանց հստակեցնելու, թե ինչն է խոչընդոտում մասնակցել արտահերթին։

«Ժառանգությունում» դեռևս վերջնական որոշում չունենալու պատճառը Հանրապետական կուսակցության ընդունած Ընտրական օրենսգիրքն է, որը Հայաստանի նոր իշխանությունները չկարողացան փոխել։

«Ծրագրային, կանոնադրական, կազմակերպչական որևէ խնդիր չկար, եթե ընդունվեին այդ փոփոխությունները, բայց ռեյտինգայինը խնդիր առաջացնում է, ուստի այս քննարկումները շարունակվում են մինչև հիմա և ես ինքս էլ կոնկրետ որևէ կողմնորոշում չունեմ, որ նաև առաջարկեմ գործընկերներիս», - ասում է «ժառանգության» վարչության նախագահը՝ հավելելով, եթե Ընտրական օրենսգիրքը փոխվեր, միանշանակ կմասնակցեին ընտրություններին։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ «Ժառանգության» նման երկար տարիներ ընդդիմադիր և ֆինանսական հոսքերի չտիրապետող կուսակցությունների համար խնդիր է ռեյտինգային ընտրակարգով պայքարելը. - «Ըստ էության, մենք նորից գնում ենք ապաքաղաքական, ապակուսակցական, նույնիսկ, կարելի է ասել, ապապետական ընտրական համակարգով, որը որևէ կերպ ընդունելի չէ և սա արդեն բերում է նրան, որ քաղաքական, գաղափարական պայքարը կարող է ուղղվել տեղերում ձայն բերողների ինստիտուտի գործարկմանը»:

Նորաստեղծ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը Հանրապետականը ստեղծել էր քաղաքական դաշտ նոր կուսակցությունների մուտքը կանխելու համար։ Հայ կառուցողականները ևս վերջնական չեն որոշել մինչև նոյեմբերի 14-ը փաստաթղթեր կտանեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով թե ոչ։

«Խնդիր ունենք հասկանալ՝ մասնակցելու ենք ինքնուրույն, թե մյուս ուժերի հետ։ Պարզ կլինի մոտակա օրերին։ Պատճառը նաև ընտրական համակարգն է ռեյտինգային, որը նորաստեղծ կուսակցությունների համար ավելի բարձր պլանկա է սահմանում պահանջների», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը։

Մեկ այլ նորաստեղծ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունում, որում ներգրավված են նախկին ակտիվիստներ և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, որոշումը վերջնական է՝ մասնակցելու են, սակայն դեռ քննարկում են՝ ինչպես ռեսուրսներ հայթայթել։ Կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարեն Հարությունյանի խոսքով՝ գործող Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը շատ խոչընդոտներ է ստեղծում նաև իրենց կուսակցության համար։ - «Տարբեր անդամներով տարիներ շարունակ ասում էինք, որ ընտրություններին պետք չէ մասնակցել, որովհետև կեղծված են և դրանով մենք ապաքաղաքականացնում ենք ընդհանրապես քաղաքականությունը։ Ու հիմա լրիվ հակառակն է, այսինքն՝ մենք հասանք նրան, որ այդ ընտրությունները չեն կեղծվելու», - մեկնաբանեց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG