Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացվել է հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market), որի հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։
Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են երեկ և վերադարձել հայրենիք։ Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև այսօր։
«Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը և տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև՝ հաստատել գործնական կապեր», - ասված է հաղորդագրությունում:
Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։
Հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպել էր Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը: