Մատչելիության հղումներ

Գրանդ փիղը Թբիլիսիում բարդ վիրահատության է ենթարկվել


Գրանդ փիղը, լուսանկարը՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջից
Գրանդ փիղը, լուսանկարը՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջից

Թբիլիսիում բարդ վիրահատության է ենթարկվել Երևանի կենդանաբանական այգու նախկին բնակիչ Գրանդ փիղը:

Գրանդը Թբիլիսիի կենդանաբանական այգի է տեղափոխվել 2014 թվականին: Այն ժամանակ մի քանի պատճառ էր նշվել՝ նա այնտեղ միայնակ չի լինի, ինչպես Երևանի կենդանաբանական այգում էր մնացել, ու նաև բժշկական օգնության, վիրահատության կարիք ունի, ինչը Թբիլիսիի կենդանաբանական այգում հնարավոր է իրականացրել:

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ 23 տարեկան Գրանդը Հայաստանից Վրաստան էր տեղափոխվել վնասված ու վարակված ժանիքներով: Բրիտանացի անասնաբույժները ժանիքներից մեկը հեռացրել էին: Նոր վիրահատության համար 4 տարի ընդմիջում էր անհրաժեշտ, և ահա անցած շաբաթվա մեջ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մասնագետները՝ վիրաբույժ Գերհարդ Սթինքամփը և անեսթեզիոլոգ Ադրիան Թորդիֆը երկրորդ վիրահատությունն են կատարել, հեռացրել են վարակված ժանիքը: Վիրահատությունը 4 ժամ է տևել:

Անասնաբույժներն ասել են, որ վիրահատությունը հաջող է անցել, բայց Գրանդին երկար ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: «Փոսը լրիվ փակվելու համար 12-ից 18 ամիս կպահանջվի», - ասել է Գերհարդ Սթինքամփը:

Անեսթեզիոլոգ Ադրիան Թորդիֆը ևս վիրահատությունը շատ հաջող է գնահատել: Երբ անցել է թմրեցման ազդեցությունը, Գրանդ փիղը ոտքի է կանգնել՝ արժանանալով ներկաների ծափահարություններին: «Ժանիքի հեռացումը լավ, շատ լավ կատարվեց», - ասել է Թորդիֆը:

BBC-ն նկարահանել է վիրահատության պրոցեսը, և այդ ֆիլմը ցուցադրվելու է «Մեծ կենդանիների վիրահատություններ» հաղորդաշարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG