Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն բացառում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հնարավորությունը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսը չի պատրաստվում ռուսական ռազմակայան տեղակայել իր տարածքում: Այդ մասին այսօր Մինսկում` ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Շատ հաճախ է քննարկվում Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի հարցը: Դա մտացածին թեմա է: Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք: Կլինի նման ռազմաբազա, թե չի լինի` որևէ նշանակություն չունի: Մենք այդ ռազմակայանը չենք տեղեկայում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Մեր զինվորականներն ավելի արդյունավետորեն կարող են դիմակայել ցանկացած ագրեսիայի և հակամարտության, որ կարող է ծագել: Եթե մենք դա չկարողանայինք անել, ինքներս կդիմեինք Ռուսաստանին՝ մեր անվտանգությունն ապահովելու խնդրանքով», - դիմելով ամերիկացի վերլուծաբաններին՝ հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն ռազմակայանի ստեղծման մասին լուրերը ակտիվացան ամիսներ առաջ: Սկզբում այս մասին տեղեկացրեցին ռուսական մի շարք լրատվամիջոցներ` պնդելով անգամ, որ ռուսաստանցի զինծառայողների մի մասն արդեն իսկ Բելառուսում է: Սեպտեմբերի 18-ին էլ հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանձնարարությունը` ուղղված պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին` «բանակցել Բելառուսի իշխանությունների հետ այդ երկրի տարածքում ռուսաստանյան ավիաբազայի ստեղծման ուղղությամբ»: Մոսկվայի այս մտադրությունն արժանացավ հատկապես բելառուսական ընդդիմության կոշտ հակազդեցությանը:

Հոկտեմբերի սկզբին բելառուսական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ էին դուրս եկել փողոց` պահանջելով հրաժարվել ռուսական ավիաբազան երկրի տարածքում տեղակայելու մտադրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG