Մատչելիության հղումներ

Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանին առաջադրելու մտադրությունը


Վաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան

ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկին ընդամենը երկու օր է մնացել, բայց պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է տեղեկությունը, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում մտադիր է առաջադրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:

1999-2000 թվականների ընթացքում Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Հարությունյանի թեկնածության մասին ոչ պաշտոնական լուրերը շրջանառվում են արդեն մի քանի օր:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը այսօր «Ազատությանը» միայն փոխանցեց, թե պաշտոնապես չի կարող հաստատել այդ տեղեկությունը․ - «Տեղյակ եմ, որ նման տեղեկատվություն է շրջանառվում, բայց այս պահին դեռ պաշտոնապես չեմ կարող հաստատել այն»:

Այս թեմայի շուրջ այսօր Ազգային ժողովում փոքր-ինչ ավելի խոսեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: «Ազատության» հարցին, թե արդյոք հաստատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է, դիվանագետը պատասխանեց․ - «Ես չեմ կարող որևէ բան հաստատել կամ հերքել այս առումով: Նշեցի, որ խնդիրները քննարկվում են, տեղի են ունենում խորհրդակցություններ: Հայաստանի համար շատ էական է ՀԱՊԿ գործունեության անընդհատությունը և այդ կազմակերպության հեղինակությունը»:

Նազարյանն ակնկալում է, որ Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում հստակություն կառաջանա․ - «Գիտեք, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: Գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Դրա մասին այստեղ արդեն խոսել է արտգործնախարարը: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի քննարկումները․ դրանք, ինչպես գիտեք, փակ են»:

ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, դաշինքնի գլխավոր քարտուղարը պաշտոնավարում է երեք տարի: Հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը պաշտոնավարում էր 2017թվականի ապրիլի 14-ից, ենթադրվում է, որ մինչև 2020 թվականի ապրիլը պաշտոնական Երևանը ներկայացնող անձը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այս հարցի առնչությամբ ասաց․ - «Եկեք երկու օր սպասենք: Որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ ես ուղղակի տեղյակ չեմ: Իմ սկզբունքային մոտեցումը նա է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:

Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, ներկայում կազմակերպությունում քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը: Երեկ, մասնավորապես, մոսկովյան Коммерсант-ը, հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուներին, գրեց, թե դաշինքում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը և որ, ամենայն հավանականությամբ, Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը: Սակայն հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում այս նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, միայն պատասխանեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը «հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի 8-ի գագաթնաժողովի ընթացքում»:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG