Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը ամերիկյան Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկուշաբթի երեկոյան բացահայտել է այն ութ պետությունների ցանկը, որոնց պաշտոնական Վաշինգտոնը ժամանակավորապես հնարավորություն է տվել իրանական նավթ գնել: Բոլթոնի խոսքով՝ այդ պետություններն են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Հունաստանը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն չճանաչված Թայվանը:
«Մենք շարունակաբար ասել ենք, որ իրանական նավթի գնումները զրոյին հասցնելը հենց դա է նշանակում` ամբողջությամբ հրաժարվել Իրանում արդյունահանված նավթից: Դրա հետ մեկտեղ, որոշ երկրների, որոնք վերջին երեք-չորս տարիներին իրանական նավթ էին ձեռք բերում, ժամանակ է հարկավոր դրանից ամբողջությամբ հրաժարվելու համար: Բայց այդ պետությունների համար մշտական բնույթի բացառություններ չեն արվելու` դա բացառվում է: Կամ թեհրանցի մոլլաները արմատապես կփոխեն իրենց գործելաոճը, կամ էլ կբախվեն տնտեսական աղետի», - հայտարարում էր Բոլթոնը: