Մատչելիության հղումներ

Երևանը կապի մեջ է Բեռլինի հետ՝ սկանդալային հրապարակման արժանահավատությունը ճշտելու համար


Հայաստանի արտգործնախարարությունը կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր բյուջետային քննարկումներ են։ Կարեն Նազարյանը Գերմանիայում «հայկական մաֆիոզ խմբերի» բացահայտման մասին գերմանական մամուլի հրապարակումներին անդրադարձավ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խնդրանքով։

«Նախ ասեմ, որ Արտաքին գործերի նախարարությունն, ի դեմս իր խոսնակի, արդեն առիթ ունեցել է այս հարցի առնչությամբ կարծիք հայտնելու։ Մենք կապի մեջ ենք գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այդ որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար», - ասաց Նազարյանը՝ շարունակելով. - «Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա, ներկայումս մենք նպատակահարմար չենք գտնում ավելին ասել, կամ անել լրացուցիչ մեկնաբանություններ։ Հավելյալ տեղեկատվություն կհայտնենք ըստ արդյունքների»։

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Ըստ այդ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբերին բացահայտելու համար վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունում հատուկ գործողություն է մշակվել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ). այն եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահների աջակցությամբ:

Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգել»-ի, եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG