Մատչելիության հղումներ

Սիրիայում պայթյունի հետևանքով վեց ռուսաստանցի է զոհվել. «Նովայա գազետա»


Ռուս զինվորը հսկողություն է իրացնում Սիրիայի Դարաա նահանգի մուտքի մոտ, արխիվ
Ռուս զինվորը հսկողություն է իրացնում Սիրիայի Դարաա նահանգի մուտքի մոտ, արխիվ

Ռուսական «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները Սիրիայում, գրել է, որ նոյեմբերի 4-ին Սիրիայի Դեր էլ-Զոր - Դամասկոս ճանապարհին տեղակայված ոստիկանության շենքում պայթյունից վեց ռուսաստանցի է զոհվել՝ հայտնի «Վագներ» մասնավոր բանակի անդամներ։ Պայթյունի հետևանքով նաև Սիրիայի բանակի հինգ զինվոր է զոհվել։

«Նովայա գազետա»-ն գրում է, որ հարցում է ուղարկել Ռուսաստանի արտգործնախարարություն՝ տեղեկությունը պաշտոնապես հաստատելու կամ հերքելու համար։

Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատում, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցում են մեծ թվով ռուսաստանցիներ։

Ավելի վաղ Directorate 4-ը հայտնել է, որ նույն ճանապարհին նոյեմբերի 2-ին զոհվել է յոթ ռուսաստանցի զինվորական։ Ռուսական պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ևս չեն հաստատել։

Ընդհանրապես ռուսական պետական գործակալությունները «Վագներ» մասնավոր բանակի մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում։

Հիշեցնենք՝ փետրվարին Սիրիայում զոհվել էին մի քանի տասնյակ ռուսաստանցի զինվորականներ՝ «Վագներ» մասնավոր բանակի անդամներ։ Այդ մասին հայտնել էր այն ժամանակ ԱՄՆ պետական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն։

Նշենք, որ մասնավոր բանակների գործունեությունն արգելված է Ռուսաստանում, և Կրեմլը հերքում է «Վագներ»-ի գոյությունը, սակայն բազմաթիվ աղբյուրներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում «Վագներ»-ը կապում են Կրեմլին մոտ կանգնած գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, ում հաճախ անվանում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոհարար։

Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն «Վագներ»-ի շարքերում են մի քանի հազար զինվորականներ։

«Նովայա գազետա»-ն նաև լուսաբանում է «Վագներ»-ի գործունեությունը և հոկտեմբերին հայտարարել է, որ թերթի լրագրողները սպառնալիքներ են ստանում տարբեր աղբյուրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG