Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը հավակնում է խորհրդարարանում դառնալ 2-րդ ուժը․ Դավիթ Խաժակյան


«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Լույս» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ տրոհվեց․ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթին մասնակցելու են առանձին ցուցակներով:

«Կան բազմաթիվ ռիսկեր, և այդ ռիսկերը գնահատելով մենք իրականացնում էինք տարբեր մակարդակի քննարկումներ: Քննարկումները բերեցին նրան, որ որոշ առանցքային կետերում մենք չունեցանք կոնսենսուս, և որոշում կայացվեց, որ պետք է մասնակցենք սեփական ցուցակներով», - մանրամասնեց «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը:

Դաշինքի փլուզման պատճառները կողմերը չեն մանրամասնում: Ըստ լրատվամիջոցների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը առաջարկել է ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, ոչ թե դաշինքի ձևաչափով, որ կարողանան անցողիկ շեմը հաղթահարել: «Հանրապետությունում» չեն համաձայնել այս տարբերակին: Դավիթ Խաժակյանը չի ժխտում՝ սա պատճառներից մեկն է: Կուսակցության ընտրվելու նվազագույն շեմը ընտրողների ձայների 5 տոկոսն է, իսկ դաշինքինը՝ 7 տոկոսը:

«Որևէ մասնակցության ձևաչափ ենթադրելու էր «Լույս» դաշինքը: Գուցե ոչ դե յուրե, այսինքն հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել դաշինքի ցուցակ, բայց դա պետք է լիներ դաշինքի որոշմամբ և դաշինքի տրամաբանության մեջ», - ասում է Խաժակյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը խոստացավ իրենց մասնակցության ձևաչափի մասին խոսել քննարկումների հանգուցալուծումից հետո: Իսկ մինչ այդ իր ֆեյսբուքյան էջով շնորհակալություն է հայտնել «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը հավատացողներին:

Կուսակցությունները մեկուկես ամիս առաջ «Լույս»-ի ձևաչափով մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ չհաղթահարեցին անցողիկ շեմը, և ավագանիում երեք մանդատ ստացան օրենքի պահանջով: Մինչդեռ «Լուսավոր Հայաստան»-ի առանձին մասնակցելու դեպքում, Խաժակյանը մեծ ակնկալիք ունի․ - «Ես վստահ եմ, որ ձայների էֆեկտի առումով մենք կարող ենք ունենալ երկրորդ տեղի ձայների քանակություն: Թե դա որքան կլինի տոկոսային առումով, բնականաբար, չեմ կարող ասել»:

Խաժակյանը վստահեցրեց, որ «Լուսավոր Հայաստանում» համամասնական և տարածքային վարկանիշային ցուցակները մեծամասամբ պատրաստ են: Ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռեյտինգային կարգով նրա առաջադրվելու նպատակահարամարությունը դեռ քննարկվում է: Մարուքյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ելք» ցուցակից առաջադրվելով իր ծննդավայր Լոռիում, չընտրվեց և պատգամավոր դարձավ համամասնական ցուցակով․ - «Հակառակ կողմում դոլարով միլիարդատեր հանրապետականներն էին, ովքեր բաժանել էին ահռելի ծավալի ընտրակաշառք և ծածկել էին ամբողջ տարածաշրջանը այդ գումարներով: Եվ մենք այդ գումարի ճիրաններից, ընտրակաշառքի ճիրաններից կարողացանք դուրս բերել մեր ընտրողներին: Այո՛, ռեյտինգային ընտրակարգով պարոն Մարուքյանը չընտրվեց, սակայն այդ թվում և իր բերած ձայների միջոցով դաշինքը հավաքեց այնքան համամասնական ձայն, որ «Ելք» դաշինքը հայտնվեց խորհրդարանում»:

Դավիթ Խաժակյանը դժվարացավ ասել խորհրդարանում 2-րդ ուժի հավակնություն ունեցող «Լուսավոր Հայաստան»-ը սպասվող ընտրապայքարում ինչ առավելություն ունի նախկին դաշնակից «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG