Այսօրվանից ամերիկյան իշխանությունները սառեցնում են այն բոլոր կազմակերպությունների և անհատների ունեցվածքը, ֆինանսական ակտիվները, որոնք առնչություն ունեն Իրանի նավթային սեկտորի, ինչպես նաև երկրի Կենտրոնական բանկի հետ: Դրան գումարած` իրանական բանկերը, ըստ ամենայնի, կզրկվեն ֆինանսական փոխանցումների համաշխարհային համակարգից` SWIFT-ից օգտվելու հնարավորությունից` հայտնվելով լիակատար մեկուսացման մեջ:
Պատժամիջոցների սահմանման գլխավոր նախաձեռնողը` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կիրակի օրը լրագրողների հետ զրույցում նշել է․ - «Իրանի դեմ պատժամիջոցները շատ խիստ են: Դրանք Իրանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են: Մենք կհետևենք տեսնելու համար, թե ինչ է անելու Իրանը հետագայում, բայց արդեն իսկ կարող եմ ասել, որ այդ երկրի գործերն այնքան էլ լավ չէն: Երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, թվում էր, թե Իրանն իր գերիշխանությունն է սահմանելու ողջ Մերձավոր Արևելքում: Դա ոչ թե տարիների, այլ ամիսների հարց էր թվում: Այժմ, սակայն, որևէ մեկը դրա մասին չի խոսում»:
Սպիտակ տանը հույս ունեն, որ պատժամիջոցների խստացմամբ հնարավոր կլինի ստիպել Իրանի իշխանություններին վերջ տալ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, սահմանափակել այդ երկրի ակտիվությունը մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպես նաև նոր՝ ավելի խիստ պայմանագիր կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ:
Պետքարտուղար Մայք Փոմփեոյի պնդմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցներն արդեն իսկ առաջին հստակ արդյունքներն են արձանագրել: «Թեհրանի հետ համագործակցող ավելի քան 100 օտարեկրկրյա ընկերություններ արդեն իսկ լքել են իրանական շուկան», - հայտարարել է Փոմփեոն CBS հեռուստաընկերության եթերում:
«Եվրոպական ընկերություններին հնարավորություն չի տրվի միաժամանակ բիզնես ծավալել թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Իրանի հետ: Մայիս ամսից ի վեր, երբ նախագահը հայտարարեց միջուկային համաձայնագիրը լքելու մասին, հարյուրավոր ընկերություններ արդեն իսկ լքել են իրանական շուկան: Ողջ աշխարհն է հասկանում, որ այս պատժամիջոցները իրական են և կարևոր և դրանք հնարավորություն են տալիս իրանցի ժողովրդին երկար սպասված փոփոխություններ նախաձեռնել: Բացի այդ, այս պատժամիջոցները զրկում են Իրանին այն ռեսուրսներից և փողից, որ անհրաժեշտ է աշխարհով մեկ ահաբեկչությունը ֆինանսավորելու համար», - նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը` համոզմունք հայտնելով սակայն, որ Թեհրանը պատժամիջոցների սահմանմանն ի պատասխան չի վերսկսի միջուկային սպառազինության մշակումը:
Այսօրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցները Իրանի ղեկավարները տնտեսական պատերազմ են որակում` նշելով, որ դրանց հիմնական թիրախը ոչ թե իսլամական հանրապետությունն է, այլ շարքային իրանցիները:
«Ամերիկացիները պետք է պատժվեն իրենք արարքների համար: Նրանք հարուստ մշակութային ժառանգություն ունեցող մի հզոր ժողովրդի են ճնշում: Դա անընդունելի է: Ամերիկացիների գործողությունների թիրախը միմիայն հասարակ ժողովուրդն է, ինչպես նաև այլ պետությունները, այլ երկրների կառավարություններն ու ընկերությունները: Միայն մեզ չէ, որ զայրացնում է ամերիկյան քաղաքականությունը: ԱՄՆ քաղաքականության հանդեպ նույն մոտեցումն ունեն նաև եվրոպական ընկերություններն ու կառավարությունները», - հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Պաշտոնական Վաշինգտոնը չի թաքցնում, որ իր առանցքային նպատակներից մեկը Իրանին էներգակիրների համաշխարհային շուկայից դուրս մղելն է: Դա է պատճառը, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև այն բոլոր պետությունները, որոնք ձեռք են բերում Իրանում արդյունահանված էներգակիրները: Ճիշտ է, այս հարցում Վաշինգտոնը ստիպված էր որոշակի զիջումների գնալ` աշխարհի ութ պետությունների, այդ թվում Ճապոնիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի համար ժամանակավոր բացառություն սահմանելով: Այդ երկրները վեց ամիս ունեն իրանական նավթի գնումները զրոյին հասցնելու համար:
Նախագահ Ռոհանին, սակայն, պնդում է, որ ամերիկացիներին չի հաջողվի դուրս մղել աշխարհում նավթի պաշարների ծավալով չորրորդ տեղում գտնվող Իրանին համաշխարհային էներգետիկ շուկայից․ - «Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր էլ կարող է վաճառել իր տարածքում արդյունահանված նավթը, և վաղն էլ, Աստված եթե կամենա, կշարունակի դա անել: Մենք դա անելու էինք, եթե անգամ ութ պետությունների համար բացառություններ սահմանված չլինեին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում ես ասել եմ համաշխարհային առաջնորդներին` մենք հպարտորեն ընդդիմանալու ենք ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Բոլորը պետք է հետևեն մեր օրինակին: ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի համաձայն, աշխարհի բոլոր պետությունները պետք է ընդդիմանան Ամերիկային», -հայտարարել է Հասան Ռոհանին: