Մատչելիության հղումներ

«Կոմֆորտ զոնան թողել ենք և գնում ենք այն օրակարգերի հետևից, որոնք արդիական են և որոնք չեն հնչեցվում». «Քաղաքացու որոշում»-ի անդամ


«Մեզ համար կան օրակարգեր, որոնք արդիական են և որոնք չեն հնչեցվում, մենք գնում ենք այդ օրակարգերի հետևից», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական նորաստեղծ կուսակցության անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը։

Նա նշեց, որ ճնշում կգործադրեն նոր իշխանությունների վրա, եթե տեսնեն շեղումներ սահմանադրականությունից, շեղումներ հռչակված արժեքներից։

«Կառուցողականության առումով ընդդիմության խնդիրն իշխանության քվեարկած կարգին դեմ քվեարկելը չէ։ Ընդդիմության խնդիրն իր հռչակած օրակարգերը, որոնք հանրության առավել փոքր շերտի վստահությունն են այդ պահին վայելել, մինչև վերջ առաջ մղելը և դրանց ճշմարտացիությունն ապացուցելն է։ Մեր խնդիրը մեր օրակարգերին համապատասխան կարծիք հնչեցնելն է», - ասաց Նահապետյանը՝ շարունակելով. - «Սա ընդհանուր առմամբ մեր դիրքավորման առումով, իսկ մեր քաղաքական հետագիծը, մեր քաղաքացիական գործունեության հետագիծը մի փոքր ուսումնասիրած մարդու համար պարզ կդառնա, որ մենք հարմարվելու տեսանկյունից մի քիչ կաղացել ենք, և դա է եղել պատճառը, որ մենք երբեք չենք եղել կուսակցությունների անդամ, դա է եղել պատճառը, որ մենք հետևողականորեն քննադատել ենք կուսակցականությունը ավտորիտար համակարգի պայմաններում, դրա պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր շատ հարազատ ընկերների հետ երբեմն ունեցել ենք լարված հարաբերություններ, հետագայում հեղափոխության ընթացքում փոխգործակցել ենք, հիմա, երբ բնավ ամոթ չէ կառավարության կազմում լինելը, քաղաքական ուժը, որ հիմա կառավարություն է կազմել հանցավոր խմբավորում չէ, որին ամոթ լինի աջակցելը, մենք էլի այդ քաղաքականապես ոչ խայտառակ և հարմար կոմֆորտ զոնան թողել ենք, որովհետև մեզ համար երեք տարի առաջ և հիմա կան օրակարգեր, որոնք արդիական են և որոնք չեն հնչեցվում, մենք գնում ենք այդ օրակարգերի հետևից»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG