Մատչելիության հղումներ

«Պատրաստ ենք լինել ընդդիմություն». Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է լինել ընդդիմություն։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «Հայաստանի պետականաշինության գործում առողջ ընդդիմությունն օդի պես մի բան է»։

«Ես չէի շտապի ասել, որ մենք ընդդիմություն ենք լինելու, որովհետև խորհրդարանի ընտրությունների արդյունքները որևէ մեկս չգիտենք։ Ակնհայտ է, որ ձայների ամենամեծ պրոպորցիան վերցնելու է «Իմ քայլ»-ը դաշինքը, դա միանշանակ է, բայց, բնականաբար, տարբեր դերակատարումներ կարող են լինել։ Մենք, այո, պատրաստ ենք լինելու ընդդիմություն, և ես կարծում եմ, որ Հայաստանի պետականաշինության գործում ընդդիմությունն՝ առողջ ընդդիմությունը և փոխզսպող, հակակշռող ընդդիմությունն ուղղակի օդի պես մի բան է, որ անհրաժեշտ է հիվանդ քաղաքական համակարգն առողջացնելուն», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդի համոզմամբ, քաղաքական համակարգի առողջացումը նոր է մեկնարկում։

«Եթե մարդկանց թվում է, որ քաղաքական համակարգի առողջացումն ավարտված է, ես պետք է ասեմ, որ այդպես չէ, այդ խնդիրը դրված է, դա նոր է մեկնարկելու, ըստ էության, որովհետև մենք նոր ենք հնարավորություն ստացել համակարգն առողջացնելու, մինչև այդ փորձել ենք, բայց չի ստացվել», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Ես համարում եմ, որ գիծ ենք քաշել, վերցրել ենք սպիտակ մի թուղթ և մեկնարկային յուրաքանչյուրն իր հնարավորություններով, իր ունեցած ռեյտինգով, ճանաչողությամբ, դրական ռեյտինգով, անտիռեյտինգով մտնում է այս քարոզարշավին»։

Առաջին ուժի տեղը զբաղված համարելով՝ Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանում երկրորդ ուժը պետք է լինի «Լուսավոր Հայաստան»-ը։ Նրա խոսքով՝ նոր խորհրդարանը լինելու է «դոմինանտ նոր ուժերի խորհրդարան»։

«Կարծում եմ, որ երկրորդ ուժը պետք է լինի մեր ներկայացրած ուժը։ Հիմա, ասենք, Հանրապետական կուսակցությունը կարող է ասի՝ «ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք երկրորդ ուժը», որովհետև բոլորը հասկանում են, որ առաջին ուժի տեղը զբաղված է, ԲՀԿ-ն կասի՝ «ես կարծում եմ, որ երկրորդ ուժը պետք է լինի ԲՀԿ-ն», բայց գիտեք, մեր ժողովուրդը տեսել է բոլորի գործունեությունը, բոլորի անցած ճանապարհը և հետագիծը, և ես կարծում եմ, որ այս խորհրդարանը լինելու է ըստ էության, դոմինանտ նոր ուժերի խորհրդարան, և այն ուժերը, որոնք որ նախորդ իշխանության ժամանակահատվածում իշխանության պատասխանատվություն են կիսել, եղել են կոալիցիաների անդամներ, ունեցել են նախարարներ, փոխվարչապետեր, և պատասխանատվությունը կիսել են, նրանք շատ բարդ վիճակում են, նրանք չեն կարող ասել՝ «գիտեք, մենք հիմա գալիս ենք ինչ-որ մի բան անելու», մեծ հաշվով, որովհետև ինչ-որ մի բանը անելու ժամանակ իրենք ունեցել են լծակներ և այդ ինչ-որ մի բանը չեն արել, կամ, եթե արել են, այդ պատասխանատվությունը նաև իրենք են կրում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին միակ պատասխանատուները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն, կամ միայն Հանրապետական կուսակցությունը չէ», - ասց Մարուքյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով։

Խորհրդարանական ընտրությունները քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG