Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանը ետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից


Վատիկան, 19-ը սեպտեմբերի, 2014թ․ - Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը ելույթ է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակում կազմակերպված հանդիսության ժամանակ
Վատիկան, 19-ը սեպտեմբերի, 2014թ․ - Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը ելույթ է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակում կազմակերպված հանդիսության ժամանակ

Դիվանագիտական աշխատանքից ետ կանչված նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը՝ Միքայել Մինասյանը այսօր ավարտել է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը:

Ֆեյսբուքյան իր էջում Միքայել Մինասյանը գրել է. - «Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը հայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք»:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ետ է կանչել Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում դեսպանի պաշտոնից, որ նա զբաղեցնում էր 2013 թվականից:

Դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց զատ՝ «հասարակության մեջ շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգը դե ֆակտո պատկանում է Միքայել Մինասյանին, նոր չէ և հիմնազուրկ չէ․ այն ծառայել է հանրապետականների իշխանությանը և անձամբ Սերժ Սարգսյանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, հավելելով՝ անառարկելի փաստ էր, որ Միքայել Մինասյանը վերահսկել է մամուլը. - «Ավելին, այդ իշխանության շահերը սպասարկելն այդ հոլդինգի առաջնահերթություններից էր։ Բայց դա բնորոշ էր ոչ միայն «ՊանԱրմենիան»-ին, այլ գրեթե բոլոր մասնավոր եթերային հեռուստաընկերություններին, որոնք գտնվում էին ավտորիտար ռեժիմի տոտալ վերահսկողության տակ»։

Ինչ վերաբերում է դեսպանի պաշտոնից Միքայել Մինասյանի ազատմանը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դա դրական է համարում։ «Այս բոլորը տեղի է ունեցել շնորհիվ նրա, որ Հայաստանում կատարվել է իշխանության զավթում սկզբից Քոչարյանի կողմից, հետո դա շատ հաջողությամբ շարունակվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Պետությունը իրենք են եղել և արել են այն, ինչ արել են առայսօր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Մինչդեռ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է. - «Վատիկան-Հայաստան հարաբերություններում մենք տեսել ենք որոշակի աշխատանք և արդյունք, որը նախկինում չի եղել»:

«Մենք տեսել ենք Հռոմի Պապի այցը Հայաստան, որը բավական տպավորիչ էր իսկապես և բովանդակային առումով արված հայտարարությունների առումով, շեշտադրումների տողատակերի առումով, մենք տեսել ենք 2015 թվականին Վատիկանում կազմակերպված միջոցառումները, արարողությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, և էստեղ էլ բավականին հետաքրքիր շեշտադրումներ էր անում Հռոմի պապը նաև քաղաքական, քաղաքակրթական տողատակի իմաստով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերի տեսանկյունից, ապա Միքայել Մինասյանը ամբողջ տասնամյակի ընթացքում եղել է առանցքային դերակատարներից մեկը ոչ միայն դեսպանի կարգավիճակում, այլ դրանից առաջ լինելով նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմում, և ես կարծում եմ, որ նա զգալի դեր է ունեցել՝ Սերժ Սարգսյանի համար բավականին բարդ միջավայրում օգնել նրան պահել նախագահական դիրքերը ամբողջ տասնամյակի ընթացքում», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։

Ի դեպ, երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենին՝ Միքայել Մինասյանի հորը՝ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, նա հետախուզվում է։ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որ փաստեր է ձեռք բերել Արա Մինասյանի կողմից չարաշահումների վերաբերյալ, ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ նախաքննության՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։

Հակոբ Բադալյանը կարծում է՝ Միքայել Մինասյանի պաշտոնանկությունը և նրա հորը մեղադրանք առաջադրելը տարբեր գործընթացներ են, և անմիջական կապ չի տեսնում։

«Ես կարծում եմ՝ դրանք տարբեր գործընթացներ են, այսինքն՝ մի դեպքում ունենք զուտ ոլորտում նախարարի քաղաքականության հետ, որը ձգտում է օպտիմալացնել, չեզոքացնել կոռուպցիոն ռիսկերը և այլն, և դեսպանի դեպքում մենք [գործ] ունենք քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ բացարձակապես ոչ զարմանալի փոփոխության հետ՝ հաշվի առնելով, որ իշխանափոխությունը ենթադրում է նաև քաղաքական թիմի փոփոխություն, քաղաքականություն իրականացնող թիմի փոփոխություն, իսկ դեսպանները էս տեսանկյունից, կարծում եմ, զգալիորեն նաև կազմում են էդ թիմի որոշակի մաս, և զարմանալի չէ, որ լինում է նաև փոփոխություն դեսպանների շրջանակում», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG