Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։ Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին»։
Հայաստանի կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին։
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և գավաթակիր, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանը մահացել է երեկ՝ 62 տարեկան հասակում:
Լեգենդար ծանրամարտիկի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և այլոք: