Թեժ պայքար յուրաքանչյուր թափուր տեղի համար
Հինգ օր անց Միացյալ Նահանգներում տեղի կունենան 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և 435-տեղանոց Ներկայացուցիչների տան ամբողջ կազմի ընտրությունները:
Քաղաքական ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ում դրանք անվանում են «միջանկյալ ընտրություններ», քանի որ քվեարկությունը համընկնում է չորս տարով ընտրվող նախագահների պաշտոնավարման երկրորդ տարվա ավարտին:
Կոնգրեսի այս տարվա միջանկյալ ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն երկու հիմնական կուսակցությունների՝ Հանրապետականի և Դեմոկրատականի համար:
Ամերիկայի սահմանադրության հզորության երաշխիքն իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատումն է և լիազորությունների հավասարակշռությունը:
Երբ կուսակցություններից մեկը պալատներում ապահովում է մեծամասնություն, իսկ նախագահը մրցակից կուսակցությունից է, գործադիր իշխանության ղեկավարը շատ առումներով կաշկանդված կլինի և ստիպված փոխզիջումների կգնա օրենսդիրների հետ:
Եվ այս տարվա նոյեմբերի 6-ին առնվազն տեսականորեն չի բացառվում, որ հանրապետական Դոնալդ Թրամփի օրենսդիր հենարանը Կոնգրեսում դառնա փոքրամասնություն, հետևաբար, թեժ պայքար է ընթանում Սենատի և Ներկայացուցիչների տան յուրաքանչյուր թափուր տեղի համար:
Ակնկալվող արդյունքների հնարավոր հետևանքները
Հարցումները վկայում են, որ դեմոկրատականները, հավանաբար, առանց դժվարության հսկողության տակ կվերցնեն Ներկայացուցիչների տունը, իսկ հանրապետականները, հավանաբար, կպահպանեն մեծամասնությունը Սենատում:
Ի՞նչ է հնարավոր այդ դեպքում: Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող դեմոկրատականներն առավելություն կունենան կարևոր հանձնաժողովներում և կստանան ավելի շատ ֆինանսական միջոցներ և օգնականների հաստիքներ հետաքննությունների համար:
Դեմոկրատականներն արդեն ասել են, որ չեն հետապնդի Թրամփին իմփիչմենտի ենթարկելու նպատակ, քանի դեռ չի ավարտվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմի վարած հետաքննությունը:
Մինչդեռ, հարկային հանձնաժողովը կարող է Ֆինանսների նախարարությունից պահանջել Թրամփի հարկերի վճարման փաստաթղթերը:
Իրավական և անվտանգության հարցերով հանձնաժողովներն էլ կարող են դրանք հաշվի առնել՝ վերլուծելով օտարերկրացիների, մասնավորապես, ռուսների հետ Թրամփի վարած բիզնեսի օրինականությունը և շահերի հնարավոր բախումը:
Հաշվի առնելով 2020-ին կայանալիք նախագահական ընտրությունների հանգամանքը՝ դեմոկրատականները չեն փորձի անհարկի շահարկել Թրամփի իմփիչմենտի թեման:
Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը Reuters-ին ասել է, որ 1990-ների վերջին, երբ օրակարգ է մտել Բիլ Քլինթոնի իմփիչմենտը, հանրության զգալի մասը որոշակի համերաշխություն է դրսևորել Քլինթոնի նկատմամբ և նրան համարել է «հալածյալ» ու «վարկաբեկմանն ուղղված կեղտոտ արշավի զոհ»:
«Հոկտեմբերյան անակնկալը»
Վերլուծաբանները նշում են նաև «հոկտեմբերյան անակնկալի» գործոնը՝ բազում անգամներ հենց հոկտեմբերին տեղի է ունեցել մի կարևոր ներքին կամ արտաքին զարգացում, սկանդալ, բացահայտում, որն ազդել է ընտրողի դիրքորոշման վրա և ուղղակի կամ անուղղակի կարևոր դեր է կատարել նախագահական կամ կոնգրեսական ընտրություններում:
Դասական օրինակներից է Քարթեր-Ռեյգան պայքարը: 1980 թվականին դեմոկրատական նախագահ Ջիմի Քարթերի և հանրապետական թեկնածու Ռոնալդ Ռեյգանի պայքարի օրերին հանրապետականները հոկտեմբերին սկսել էին հրապարակավ քննարկել, թե նախագահը բանակցում է Իրանի ղեկավարների հետ Թեհրանում պատանդառված ամերիկացի դիվանագետներին ազատ արձակելու շուրջ:
Նոյեմբերին հաղթել է Ռեյգանը և նրա պաշտոնակալության օրը պատանդներին ազատել են: Տարիներ շարունակ դեմոկրատականները պնդել են, որ հանրապետականները գաղտնի բանակցությունների հարցը բարձրաձայնել են Քարթերին վարկաբեկելու համար:
Դրամնից առաջ և դրանից հետո նույնպես ԱՄՆ-ում եղել են «հոկտեմբերյան անակնկալներ». 2000 թվականին՝ Ջորջ Բուշ-ավագի և Բիլ Քլինթոնի նախագահական պայքարում, 2004-ին՝ Ջորջ Բուշ-կրտսերի և Ջոն Քերրիի պայքարում, 2008-ին, երբ բարձրագույն պաշտոնի համար մրցել են Ջոն ՄըքՔեյնը և Բարաք Օբաման, 2012-ին, երբ Օբամայի մրցակիցը Միթ Ռումնին էր:
Թրամփի վիդեոն և Քլինթոնի էլեկտրոնային նամակները
2016 թվականի աշնանը կար համոզում, որ նախագահական մրցապայքարում դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնն առավելություն ունի հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Հոկտեմբերին The Washington Post-ը հրապարակել էր մի հոդված, որին կից կար տեսագրություն: Ըստ այդմ՝ Թրամփը տարիներ առաջ հեգնանքով և սեռական բնույթի որակումներով է խոսել կանանց մասին, պնդել է, թե, որպես հարուստ աստղ, ինքը կարող է ցանկացած կնոջ հետ սեռական կապ հաստատել:
Հենց այդ հրապարակման օրը WikiLeaks կայքը սկսել էր հրապարակել Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ընթացքում անհետացած էլեկտրոնային նամակները, որոնք նա գրել և ստացել է պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու օրոք:
«Համընկնո՞ւմ է, չե՛մ կարծում»
Հաքերները, ենթադրաբար՝ ռուսներ, դրանք կարողացել են գողանալ Քլինթոնի օգնականի համակարգչից: Անվանի ռուս հեռուստալրագրողն այս դեպքում կբացականչեր՝ «Համընկնո՞ւմ է, չեմ կարծում»:
Այս չարաբաստիկ էլեկտրոնային նամակները կարևոր դեր են կատարել: Թրամփը տանուլ է տվել ժողովրդական քվեարկությունը, սակայն հաղթել է մի քանի խոշոր նահանգներում և նախագահ է դարձել:
Ի՞նչը կարող է դառնալ 2018 թվականի «հոկտեմբերյան անակնկալ»: Այսօր էլ հասարակությունը պառակտված է․ մի մասը նշում է, որ համաշխարհային ոչ բարվոք տնտեսական հանգամանքներում ԱՄՆ-ում գործազրկությունը նվազում է, բիզնեսն ակտիվանում է:
Մյուս կողմից, շատերը նշում են, որ նույնիսկ փորձելով որոշակի զգուշավորություն ցուցաբերել, Թրամփը միևնույն է հաճախ է հնչեցնում ռիսկային հայտարարություներ, արհամարհանքով է արտահայտվում որոշ երկրների ղեկավարների մասին, շատ կոշտ է մեկնաբանում միգրացիայի թեման:
Հոնդուրասցի միգրանտներին փոխադրող շարասյունը, Մեքսիկա, 30 հոկտեմբերի, 2018թ.
«Այս տարվա հոկտեմբերյան անակնկալը Հոնդուրասից»
Հենց այս օրերին հազարավոր մարդիկ Կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ և արդեն հասել են Մեքսիկա:
Վերլուծաբանների կարծիքով, այդ «միգրանտների քարավանը» կարող է լինել 2018-ի «հոկտեմբերյան անակնկալը»:
Թրամփն ասել է, որ հազարավոր զինծառայողներ կկանգնեն այդ մարդկանց ճանապարհին և թույլ չեն տա, որ միգրանտները զանգվածաբար մուտք գործեն Ամերիկայի տարածք:
Wall Street Journal-ի սյունյակագիր Դենիել Հենինգթոնի փոխանցմամբ, «այս տարվա «հոկտեմբերյան անակնկալը» գուցե կգա Հոնդուրասից»:
Շատ պարզ քաղաքական վիճակ է․ եթե իշխանությունը զիջի, հանրապետականներին կմեղադրեն ապօրինի միգրացիայի դեմ պայքարի խոստումը չկատարելու համար, եթե միգրանտները փորձեն հատել սահմանը և արդյունքում լինեն բախումներ ու մարդկային կորուստներ, Թրամփին կմեղադրեն դաժանության համար:
Անակնկալներ հենց ԱՄՆ-ի ներսում
ԱՄՆ-ում այս ընթացքում եղան նաև հոկտեմբերյալ այլ անակնկալներ՝ Թրամփի մոլի ջատագովը պայթուցիկներով ծանրոցներ է ուղարկել անվանի դեմոկրատականներին և գործող նախագահի քննադատներին: Նրան բացահայտել և ձերբակալել են:
Պիտսբուրգում զինյալը ներխուժել է սինագոգ և գնդակահարել է հրեա հավատացյալներին: 11 մարդ սպանվել է, զինյալը վիրավորվել է և հանձնվել է: Նրան, ամենայն հավանականությամբ, կդատապարտեն մահվան:
Պիտսբուրգի ազատական հրեաների խմբավորումները հրապարակել են բաց նամակ, որով Թրամփին քննադատել են աջակողմյան կոշտ մեկնաբանությունների համար՝ նշելով, որ այդօրինակ հայտարարություններն են խթանում ազգայնական տրամադրություններն ու զենքի գործադրումը:
Եվ վերջապես, շարունակվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմի ղեկավարած հետաքննությունը 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության և Թրամփի օգնականների ու ռուսաստանցիների հանդիպումների հարցով:
Թե ինչ եզրահանգում կլինի՝ դժվար է ասել, բայց ամերիկյան ամբողջ քաղաքական վերնախավն անհամբերությամբ սպասում է թիմի աշխատանքի ավարտին: