Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովում քննարկվելու է նաև կառույցի բարեփոխման հարցը. Լուկաշենկո


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա գագաթնաժողովում նաև քննարկվելու է ՀԱՊԿ-ի բարեփոխման հարցը: Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ Մինսկում ընդունելով Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևին:

Բելառուսի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Լուկաշենկոն ասել է. - «Մի քանի օրից մենք կհանդիպենք Աստանայում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովն է: Հարցերը շատ են, այդ կազմակերպության բարեփոխումը, միջազգային ասպարեզում նրա կշռի ու դերակատարության ամրապնդումը, հատկապես այս բարդ ժամանակաշրջանում»:

ՀԱՊԿ գագաթնաժողովն Աստանայում անցկացվելու է նոյեմբերի 8-ին: Առավոտյան հանդիպելու են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, կեսօրից հետո՝ երկրների ղեկավարները:

ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի զգայուն հարցը մնում է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խնդիրը։

Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցված «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում կայացած միջազգային համաժողովի շրջանակներում ևս մեկ անգամ անդրադարձել է Խաչատուրովի խնդրին՝ չբացառելով, որ Հայաստանը կարող է այդ պաշտոնից հետ կանչել նրան:

«Քանի որ նա Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է, ուստի Հայաստանն իրավունք ունի որոշելու՝ թողնել իր ներկայացուցչին գլխավոր քարտուղար, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում է որոշակի իրավական գործընթաց: Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին», - ասել է Արմեն Սարգսյանը:

Հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացրեց Խաչատուրովին և նրա խափանման միջոցը ընտրելու հայցով դիմեց դատարան: Դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Մոսկվա ու շարունակում է պաշտոնավարել: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG