Մատչելիության հղումներ

«Հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և այն ամենին, ինչ որ նա է անում». Հայկ Կոնջորյան


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, «Ազատության» հետ զրույցում պարզաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին իր որոշումը, ասաց, որ այդ միտքը «սկսել է ավելի ակտիվ իր մեջ պտտվել հատկապես հեղափոխությունից հետո»։

«Ըստ էության, ես երեկ չեմ կայացրել, ոչ էլ երեկ չէ առաջին օրը, բայց դա չի նշանակում, որ ես նաև կայացրել եմ հինգ ամիս առաջ։ Սակայն մտորումները, որոնք որ կուտակվելով-կուտակվելով հանգեցրեցին վերջին շրջանում այս որոշումների կայացմանը, սկսել են ավելի ակտիվ իմ մեջ պտտվել հատկապես հեղափոխությունից հետո, երբ որ մենք բանակցություններ էինք վարում «Ելք» դաշինքի ուժերով, որպեսզի նորից միասին շարունակենք ճանապարհը և մասնակցենք խորհրդարանական ընտրություններին միասին և մեր ընդհանուր պոտենցիալով ստանձնեինք Հայաստանի զարգացման այս ողջ գործընթացը, այդ ողջ բանակցությունների ընթացքում ես միանշանակ կողմ եմ արտահայտվել, որ մենք պետք է վերամիավորվենք», - ասաց պատգամավորը։

Կոնջորյանը հայտարարեց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին։

«Պիտի լինել ընդդիմադիր անկեղծ և պետք է լինել իշխանության մեջ նորից անկեղծ։ Եթե դու որևէ բանին հավատում ես և գիտես, որ դա ճիշտ է արվում, և դու ցանկանում ես աջակցել դրան, որովհետև դա համապատասխանում է քո գաղափարներին, հետևաբար դու ինչպե՞ս կարող ես ընդդիմանալ դրան։ Ես այսօր ասել եմ՝ ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և հավատում եմ այն ամենին, ինչ որ նա է անում, և այն ուղենիշներին, որը դրվել է նրա կողմից Հայաստանի զարգացման համար», - ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, թե նա այդ մասին հայտարարում է նախընտրական ցուցակների կազմման փուլում, և պարզ է՝ «Իմ քայլ»-ի դեպքում երաշխավորված մանդատն այսօր արդեն ունի, «Լույս»-ի դեպքում դա 100 տոկոս չէ առնվազն, Կոնջորյանն այսպես արձագանքեց. - «Ինձ համար մանդատն ինքն իրենով ոչինչ է, ես չորս կամ հինգ ամիս է, որ Ազգային ժողովի պատգամավոր եմ, փոխվել է մի շատ կարևոր բան, որ ես իմ խոսքը կարող եմ հնչեցնել ավելի բարձր ամբիոնից։ Ըստ էության, դրական իմաստով ինձ համար փոխվել է միայն սա, եթե ես չլինեմ պատգամավոր, մի քանի ամիս հետո ես կստանամ ավելի բարձր աշխատավարձ՝ մի քանի անգամ, ես կունենամ ավելի բարեկեցիկ նյութապես կյանք, ես կունենամ ավելի շատ ժամանակ՝ շփվելու իմ ընտանիքի անդամների հետ և լինելու ավելի ազատ և ավելի անկաշկանդ, բայց ես ունեմ գաղափարներ»։

Հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա՞նն է անդամակցելու, թե՞ միայն դաշինքի ցուցակում կլինի, Կոնջորյանը պատասխանեց. - «Նման քննարկում չի եղել «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու մասով, կա պարզապես քննարկում, որ ընդհանուր հեղափոխության թիմին, ավելի շատ երևի ճիշտ է ասել՝ «Իմ քայլ»-ը դաշինքի հետ մասնակցելու այս գործընթացներին և իմ նպաստը բերելու Հայաստանի Հանրապետությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG