Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում ծառահատումների մասին հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ էր գտել հրապարակման առնչությամբ:
Տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ «երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել»:
Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Բացի այդ, դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկություններ է տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը: