Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «համերկրացիների» համար դյուրացնում է ՌԴ քաղաքացիություն ստանալը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ և հայտարարել, որ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների» համար, նրանց համար, ովքեր «ռուսական աշխարհի» մաս են կազմում և ապրում են ԱՊՀ երկրներում։

Փորձագետները համարում են, որ այս նոր քաղաքականությունն ուղղված է նախևառաջ Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներին, սակայն իրականում նոր կանոններից, որոնք դեռ այնքան էլ հստակ չեն, առաջին հերթին կօգտվեն Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, որոնց մի ստվար զանգված աշխատում է Ռուսաստանում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների միգրացիոն նոր քաղաքականությունը թույլ կտա դյուրացնել կանոնները Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացող քաղաքացիների համար։

«Աշխարհում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ օրեցօր աճում է ատելությունը Ռուսաստանի և ռուսաց լեզվի նկատմամբ հատկապես Ուկրաինայում և մերձբալթյան երկրներում», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը, հիշեցնենք, արդեն 12 տարի է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ նաև Հայաստանում անցկացնում է «Համերկրացիներ» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 800 հազար մարդ։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում բնակություն հաստատել ցանկացողների թիվն աճում է։ 2017 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 257 հազար 648 մարդ, նրանցից 85 հազարից ավելին Ուկրաինայի, 40 հազարից ավելին՝ Ղազախստանի քաղաքացիներ են։ Այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25 հազար 144 հայաստանցի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, սա պարտադիր պայման է։

Նույն աղբյուրի համաձայն, անցած տարի ևս 13 հազար 320 հայաստանցի ստացել է Ռուսաստանում մշտական բնակության թույլտվություն, իսկ 600 հազարից ավելի հայաստանցի անցած տարի ժամանակավորապես գրանցված է եղել Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG