Մատչելիության հղումներ

Միջազգային ֆինանսավորմամբ անասնապահության զարգացման ծրագիրը մեկնարկեց նաև Հայաստանի հյուսիսում


Հայաստանում գյուղատնտեսությունը շահութաբեր չէ, քանի դեռ գյուղացու չափազանց ծանր աշխատանքի դիմաց եկամուտները չնչին են։ Անասունների կաթնատվությունն ու մսատվությունը շատ ցածր է, անասնաբուժական ծառայությունների որակն՝ անբավարար, իսկ կերի բազան՝ քիչ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր Լոռու մարզպետարանում Անասնապահական զարգացման Հարավ-հյուսիս ծրագրի մեկնարկին նվիրված քննարկմանն արձանագրեց, որ այսօր գյուղացու համար նպաստ ստանալն ավելի ձեռնտու է, քան անասուն պահելը․ - «Գյուղացին որպեսզի նպաստ ստանա, գնում ա կովը մորթում ա: Բայց ընդհակառակը, մենք պիտի այնպես անենք, որ եթե գյուղացին զբաղվում ա անասնապահությամբ, կով պահելով, ոչխարաբուծությամբ, այլ կենդանիներ պահելով, նրան պիտի օգնենք, որ շատացնի՝ մեկը երկու դարձնի, երկուսը երեք դարձնի»։

Ռազմավարական զարգացման գործակալության Հայաստանի հարավում անասնապահությունը զարգացնելու տարիներ առաջ մեկնարկած ծրագիրը հյուսիս է հասել։ Աստրիական և շվեյցարական համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով գյուղացուն օգնում են ավելի բարձր մթերատվությամբ կենդանիներ ձեռք բերել, իրացնել արտադրանքն ու ինքնուրույն, առանց միջնորդի վերամշակողին հասցնել կամ արտահանել։

Ծրագրի ղեկավար Վարդան Թոռչյանն ասում է՝ իր համար զարմանալի էր այն, որ Շիրակի և Լոռու մարզերում կաթի գինը որոշում է ոչ թե արտադրողը, այլ կաթ հավաքողը․ - «Շիրակում կամ Լոռիում ով մեքենա ունի, կարա կաթ հավաքող լինի: Դռնեդուռ ընկած կաթը հավաքում ա ամեն մեկից, կարա կաթը տանի հասցնի տարբեր ժամերի՝ 11-ին, 10-ին կամ 7-ին, ու հաճախ մարդիկ կաթ հավաքողի հետ են ավելի շատ շփվում, քան վերամշակողի հետ: Կաթ հավաքողն ա ասում՝ հիմա գինը սենց ա․․․ Իմ կարծիքով, դա խնդիր ա: Բայց իրանք արդեն էնքան են հարմարվել էդ պրոցեսին, որ չեն պատկերացնում, որ կարա լինի մի հատ կաթ հավաքման տեղ, որ իրանք տանեն, անալիզ անեն, իրանք թիվը տեսնեն, համոզվեն»:

Ծրագրի հեղինակներն ուսումնասիրել և Հայաստանում անասնապահությունը զարգացնելու մի քանի խոչընդոտներ են արձանագրել։

Համայնքների ներկայացուցիչները, որոնք ամեն օր առնչվում են այս խնդիրներին, Գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկեցին նախկինի նման կենդանիների ցեղատեսակները բարելավող տոհմային գործարաններ հիմնել, ոչ միայն խոտի այլև բարձրորակ կերատեսակների հարցը լուծել։

Ճամբարակի համայնքապետարանի գյուղբաժնի պետ Սերգեյ Ավարյանն ասաց. - «Մի կտոր չոր խոտ ենք տալի, ասում ենք շատ կաթ տա․․․ որտեղի՞ց տա էդ խեղճ անասունը, երբ գենետիկական հատկանիշներն էլ շատ ցածր ա»:

Ըստ Ավարյանի, Գեղարքունիքի մարզի Վահան, Թթուջուր և Գետիկ գյուղերում, որտեղ ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի, մթերատվությունը զգալիորեն բարձրացել է։ Օրինակ, սահմանամերձ Վահան գյուղում մոտ 70 ընտանիք է ընդգրկվել անասնապահության զարգացման այս ծրագրում, և անցած երեք տարիներին անասնագլխաքանակը 10 տոկոսով ավելացել է։

«Բարձրացել է նաև կովերի կաթնատվությունը», - ասում է համայնքապետարանի ներկայացուցիչը, բայց դեռ քիչ է համարում․ - «Դեռևս հեռու ա բավարար լինելուց․ 2 հազարն ի՞նչ թիվ ա, ուրիշ տեղ 5-7 հազար են ստանում: Ուղղակի էս տված կովերը մեր անասուններից լավն են»։

Անասնապահության կարևոր խնդիրներից մեկն էլ անասնաբուժական ծառայությունների ցածր մակարդակն է։ Ծրագրի պատասխանատուներն ուսումնասիրել և արձանագրել են, որ, օրինակ, Տավուշում ամենաերիտասարդ անասնաբույժը 50 տարեկան է։

Գյուղնախարարության ներկայացուցիչն ասում է. - «Մենք հասկանում ենք, չէ՞, որ տարեցտարի անասնաբուժության ինստիտուտը գնում ա դեգրադացման․․․ ոչ գրավիչ ոլորտ է, մարդիկ չեն ցանկանում այդտեղ աշխատել»:

Հարավ-հյուսիս ծրագրի ներկայացուցիչները վստահեցնում են, որ մինչև 2020 թվականը Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում կօգնեն լուծել այս խնդիրների հիմնական մասը։

Անասնապահությամբ զբաղվող 86 գյուղական բնակավայրերում եկամուտները կավելանան 15 տոկոսով, անասունների մթերատվությունը կբարձրանա 20 տոկոսով, 100 նոր աշխատատեղեր կստեղծվեն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կմեծանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG