Մատչելիության հղումներ

Ինֆանտինոն չի բացառում, որ արդեն 2022-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցի 48 հավաքական


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինո, արխիվ

ՖԻՖԱ-ի ղեկավարը չի բացառում` 2022 թվականին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող հավաքականների թիվը կարող է հասնել 48-ի: Այս մասին միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավար Ջանի Ինֆանտինոն հայտարարեց Ասիական ֆուտբոլային համադաշնության` երեկ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկած հերթական համաժողովի ընթացքում:

«Մենք որոշել էինք ավելացնել Աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցող թիմերի քանակը` այն 32-ից հասցնելով 48-ի: ՖԻՖԱ-ի որոշման համաձայն՝ դա պետք է տեղի ունենար 2026 թվականին: Արդյո՞ք մենք դա կանենք արդեն 2022-ի առաջնության ընթացքում: Եթե հնարավոր լինի` ինչո՞ւ ոչ», - հայտարարում էր Ինֆանտինոն:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի քանակն ավելացնելու մասին որոշումը ՖԻՖԱ-ն կայացրել է 2017 թվականի հունվարին` Ցյուրիխում կայացած կոնգրեսի ընթացքում: Նախապես ֆուտբոլային պաշտոնյաները որոշել էին, որ 48 թիմերի մասնակցության մասին որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականին Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից սկսած: Այս ծրագրի ավելի վաղ իրագործումը, սակայն, ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների, կարող է հանգեցնել 2022 թվականի առաջնությունը հյուրընկալող պետության գոնե մասնակի փոփոխության:

«Մենք պետք է ուսումնասիրենք, տեսնենք, թե որքանով է դա հարմար և հնարավոր: Մենք այս հարցը քննարկում ենք մեր կատարցի բարեկամների, տարածաշրջանում գտնվող մեր մյուս բարեկամների հետ: Հուսով ենք, որ դա հնարավոր կլինի իրագործել: Եթե ոչ, ապա գոնե մենք կասենք, որ փորձել ենք: Մենք մշտապես պետք է փորձենք ամեն ինչ լավագույն ձևով կազմակերպել», - հայտարարում էր Ինֆանտինոն:

2022 թվականի առաջնությանը մասնակցող թիմերի քանակի ավելացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը, այդուհանդերձ, այն է, որ Կատարում ստեղծվող ենթակառույցները` մարզադաշտեր, հյուրանոցներ, տրանսպորտային հանգույցներ, նախատեսված են առավելագույնը 32 հավաքականների և դրանց երկրպագուների համար:

«Մասնակից հավաքականների թվի ավելացումը կարող է տարածաշրջանի այլ պետությունների համագործակցությունը ևս պահանջել», - նշել է Ջանի Ինֆանտինոն` թափանցիկորեն ակնարկելով, որ նման որոշում կայացնելու դեպքում 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումների մի մասը կարող է տեղափոխվել Կատարին սահմանակից այլ պետություններ: Այս դեպքում, սակայն, հիմնական խոչընդոտները քաղաքական են լինելու: Բանն այն է, որ Կատարը ավելի քան մեկ տարի է ինչ բավական լարված հարաբերություններ ունի տարածաշրջանի մի շարք պետությունների` նախևառաջ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Այս երկրները շարունակում են շրջափակել Կատարը, դիվանագիտական և առևտրային կապերը դրանց միջև խզված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG