Կհաջողվի՞ արդյոք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին փոփոխության ենթարկել ամերիկյան Սահմանադրության տեքստը` հատուկ հրամանագրով չեղարկելով երկրի հիմնական օրենքի 14-րդ լրացումը և զրկելով ԱՄՆ տարածքում ծնված օտարերկրացիների երեխաներին ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքից: Քաղաքական շրջանակներում և լրատվամիջոցներում այս հարցն սկսեցին ակտիվորեն քննարկել երեկ, երբ ամերիկյան AXIOS կայքը Դոնալդ Թրամփի հետ բացառիկ հարցազրույցից մի հատված հրապարակեց:
«Ինձ մշտապես ասում էին, որ այդ քայլին դիմելու համար հարկավոր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ: Դա միանշանակորեն հնարավոր է անել Կոնգրեսի որոշմամբ, սակայն այժմ [իրավաբանները] ասում են, որ այդ որոշումը կարող եմ կայացնել անգամ իմ հրամանագրով: Իրականում դա իսկական ծաղր է: Մենք աշխարհի միակ պետությունն ենք, որտեղ մարդ կարող է գալ, երեխա ունենալ, և հետագա ասենք 85 տարիներին նա օգտվելու է Միացյալ Նահանգների քաղաքացուն տրվող բոլոր արտոնություններից: Դա ուղղակի անհեթեթություն է», - նշում էր Միացյալ Նահանգների նախագահը` հավելելով, որ Սպիտակ տունն այս ուղղությամբ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում:
Ամերիկյան իշխանությունների` երկրի տարածքում ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհման պրակտիկայից հրաժարվելու մտադրության մասին տեղեկությունները երեկ հաստատեց նաև փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք որոշակի գործողություն ենք դիտարկում, որի միջոցով կվերանայվի [ԱՄՆ տարածքում] ծննդյան հիման վրա տրամադրվող քաղաքացիության նորմը», - նշում էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:
Ուշագրավ է սակայն, որ Թրամփի հարազատ Հանրապետական կուսակցության շարքերում այս նոր նախաձեռնության շուրջ տարբեր կարծիքներ են հնչում: Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանն, օրինակ, երեքշաբթի երեկոյան ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում կտրականապես դեմ հանդես եկավ Թրամփի այս նախաձեռնությանը` նշելով, որ երկրի Սահմանադրությունը չպետք է կամայական փոփոխությունների ենթարկվի:
«Ակնհայտ է, որ դա հնարավոր չէ անել: Հնարավոր չէ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկել [նախագահի] հրամանագրով: Մեզ դուր չէր գալիս, երբ Օբաման էր փորձում ներգաղթին վերաբերող օրենսդրությունը փոխել հրամանագրերի միջոցով: Որպես պահպանողական՝ ես հավատ եմ տածում Սահմանադրության հստակորեն գրված տեքստի հանդեպ և 14-րդ լրացման պարագայում կարծում եմ ամեն ինչ շատ հստակ է: Կարծում եմ, որ նման նախաձեռնության դեպքում մենք կներգրավվենք շատ երկարատև սահմանադրական մի գործընթացում», - հայտարարում էր Փոլ Ռայանը:
Ամերիկյան Սահմանադրության 14-րդ լրացումը, որով երկրի տարածքում ծնված ցանկացած անձ ԱՄՆ քաղաքացի է համարվում, հաստատվել է մեկուկես դար առաջ` 1868 թվականի հուլիսին, քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: 14-րդ լրացման գլխավոր նպատակը այդ պատերազմի արդյունքում հարավային նահանգներում ազատագրված ստրուկների քաղաքացիական իրավունքների ապահովումն էր:
Միացյալ Նահանգների իրավաբանների և իրավապաշտպանների շրջանում արդեն երկրորդ օրն է ինչ ակտիվորեն քննարկում են` արդյո՞ք երկրի նախագահը իրավունք ունի սեփական հրամանագրով փոփոխությունների ենթարկել երկրի հիմնական օրենքի տեքստը: Թրամփի կողմնակիցները պնդում են, որ 14-րդ լրացման դեպքում դա հնարավոր է, քանի որ 19-րդ դարում ընդունված այս փաստաթուղթը ինքնին վիճահարույց է և նախկինում մի քանի անգամ քննարկման առարկա է հանդիսացել Գերագույն դատարանում: Ամերիկացի իրավաբանների և իրավապաշտպանների մի զգալի մասի համոզմամբ էլ՝ 14-րդ լրացման տեքստը երկակի մեկնաբանության տեղիք չի տալիս, և նախագահի կողմից դրա միանձնյա փոփոխությունը հակասահմանադրական է:
Դոնալդ Թրամփը ծննդյան իրավունքի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրմանը դեմ էր դեռ 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: 2015-ի օգոստոսին Twitter-ի իր էջում նա գրել էր․ - «Ինչպիսի խելագարություն: Տարեկան կտրվածքով Միացյալ Նահանգների տարածքում արձանագրվող ծնունդների 7․5 տոկոսը` 300 հազար երեխա, անօրինական ներգաղթյալների ընտանիքներից են: Այդ ամենին պետք է վերջ տրվի, դա անհարկի շռայլություն է և պարզապես սխալ»: