Մատչելիության հղումներ

Նշվեց Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակը


Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Ճիշտ 60 տարի առաջ՝ Վարպետի վախճանից մեկ տարի անց, հենց այս օրն է հիմնադրվել նաև նրա տուն թանգարանը:

Այս հոբեյանական օրը թանգարանում հյուրընկալված մտավորականներն ու արվեստագետները փաստում էին, որ անցած տասնամյակների ընթացքում մեծ բանաստեղծի տուն-թանգարանը մշտապես իր տեղն ու դերն է ունեցել հասարակական, գրական-մշակութային կյանքում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան․ - «Յուրաքանչյուր գրողի թանգարան, հատկապես, երբ այդ թանգարանում ինքը նախկինում ապրել է, հավելյալ խորհուրդ է կրում: Որովհետև ննջարանը, սեղանը, գրքերը․․․ էս ամեն ինչը ինչ-որ երկյուղած-սրբազան թրթիռ է մարդուն պատճառում: Ավետիք Իսահակյանը այն մարգարե բանաստեղծն էր, որ ապագան ոչ թե գուշակում էր, այլ ապագան ապրում էր որպես իրեղեն ապացույց, իրականություն»:

Այսօր հոբելյանական երեկոյի ընթացքում հնչում էր Տիգրան Մանսուրյանի՝ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերի շարքը:

Տիգրան Մանսուրյան․ - «Փառավոր 60 տարիներ թանգարանի գործունեության: Պիտի ասեմ, որ այստեղ ես լինում էի դեռ այն տարիներին, երբ այսպիսի տեսք չուներ, շատ ավելի համեստ էր: Ես սիրում էի գալ այստեղ, որովհետև առհասարակ ես հայ պոեզիան շատ եմ սիրում: Իբրև երաժիշտ, ես հայոց լեզվի երաժիշտ եմ: Իսահակյանի մաքուր լարը, որը կարող է գեղջուկին երգ ստեղծելու ներշնչանք տալ, ժողովրդական երգ դառնալ, մինչև Ռախմանինովը, Սվիրիդովը: Շատ սիրում եմ իր տաղաչափությունը, իր հնչողությունների համակարգը: Պետք է երաժիշտ լինես իսկապես, որ ամբողջ խորքով ապրես այդ ֆոնետիկան»:

Բանաստեղծի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը շեշտում էր, որ հավաստիացրեց, որ Իսահակյանի հետ այս տանն ապրած իր 13 տարիները պարզապես անփոխարինել են․ - «13 տարի իմ կյանքից ես անց եմ կացրել մեծ հորս կողքին: Եվ եթե ես կշեռքի վրա դնեմ մնացած կյանքիս 60 տարիները և այդ 13 տարին, ապա ավելի կշեռքը բարձր ցույց կտա այդ 13 տարիները: Որովհետև Վարպետի հետ անցկացրած յուրաքանչյուր օրը ստեղծում էր մի այնպիսի տպավորություն, որ դու շփվում ես ոչ թե մի մարդու հետ, մի անհատի հետ, այլ շփվում ես կարծես 20 դարերի խորություն ունեցող հայ իմաստուն ժողովրդի խտացումի հետ»:

«Գրական երեկոներ, քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ դպրոցականներ և ուսանողների համար այս կամ այն արվեստագետի հետ, դասական երաժշտության երեկոներ․ թանգարանը մշտապես գործել է լիարժեք», - «Ազատության» հետ զրույցում ընթացքում շեշտում էր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, որի նախաձեռնությամբ էլ այս հոբելյանի կապակցությամբ «Իսահակյանական մասուքներ» խորագրի ներքո լույս է տեսել թանգարանի պատմությունն ու թանգարանի ցուցադրանմուշները՝ իսահակյանական մասունքները ներկայացնող գիրքը:

Անժելա Խորենյանին բոլորովին չի վախեցնում այն փաստը, որ այսօր մարդիկ քիչ են կարդում, հատկապես դասական հեղինակներին․ - «Եթե այսօր մի փոքր քիչ են կարդում, վաղը հաստատ ավելի շատ են կարդալու, որովհետը նրանք միշտ են արդիական: Այսօր մեր ժողովուրդը ոտքի կանգնեց, իր ազատության տենչը արտահայտեց, բայց չէ՞ որ Իսահակյանը հենց ինքն է ազատության բանաստեղծ, ինքն է ազատության մարտիկ: Իսահակյանի ասելիքը միշտ նոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG