Փիթսբուրգի սինագոգում 11 մարդու գնդակահարած Ռոբերտ Բոուերզին երեկ հաշմանդամի սայլակով առաջին անգամ բերել են դաշնային դատարան, որտեղ նրան մեղադրանք են առաջադրել:
46-ամյա Բոուերզը դատարանի որոշմամբ կմնա բանտում՝ առանց գրավի դիմած ազատ արձակվելու իրավունքի:
AR-15 տեսակի ինքնաձիգ հրացանով և երեք ատրճանակներով զինված Բոուերզը հոկտեմբերի 27-ին ներխուժել է «Կենաց ծառ» սինագոգ և հակասեմիթական կարգախոսներ հնչեցնելով՝ կրակ է բացել հավատացյալների վրա:
Ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում նա վիրավորվել և հանձնվել է: Տուժող հավատացյալներից երկուսը ծանր վիճակում են:
«Ես պարզապես ուզում եմ սպանել հրեաներին», - փոխհրաձգությունից հետո ասել է Բոուերզը ոստիկաններից մեկին:
Դատական հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 1-ին:
Ներկայացված մեղադրանքներից մի քանիսը մահապատիժ են ենթադրում:
ԱՄՆ նախագահը, փոխնախագահը և մեծ թվով երկրների ղեկավարներ խստորեն դատապարտել են հարձակումը Փիթսբուրգի սինագոգի վրա:
Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր մեկնել Փիթսբուրգ և Ամերիկայի ժողովրդի անունից իր համերաշխությունը հայտնել հրեական համայնքին:
Փիթսբուրգի հրեական ազատական շրջանակների անունից հրապարակվել է բաց նամակ, որում ասվում է, որ «Փիթսբուրգում Թրամփի այցը չեն ողջունի, քանի դեռ նա առանց վերապահումների չի դատապարտում սպիտակամորթների ազգայնականությունը»:
Թրամփի քննադատների կարծիքով՝ նրա ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է ԱՄՆ-ում աջակողմյան ծայրահեղականությանը: