Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մոջեբը Ստամբուլում այդ քաղաքի գլխավոր դատախազ է Իրֆան Ֆիդանի հետ 75 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին (նաև՝ Հաշոգի) սպանության հանգամանքների հետաքննության ընթացքը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ երկու երկրների իրավապահները պարտավոր են համագործակցել լրագրողի սպանությունը բացահայտելու և հետաքննությունը հնարավորինս արագ ավարտելու համար:
Անկարան Էր-Ռիադից պահանջում է արտահանձնել սպանության մեջ կասկածվող 18 սաուդցիներին, սակայն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրն ասել է, թե ամբաստանյալների դատավարությունը տեղի կունենա հայրենիքում:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազն ասել է, որ սպանությունը միտումնավոր էր և ծրագրված:
Ջամալ Խաշոգջին անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք մտնելուց հետո:
Սաուդցիները նախ պնդել են, թե լրագրողը հեռացել է, ապա ասել են, թե տեղեկություն չունեն նրա մասին, հետո խոստովանել են, թե Խաշոգջին սպանվել է, ընդ որում ակնարկել են, որ նա խեղդամահ է եղել հյուպատոսարանում ծագած վեճի ժամանակ:
Բայց ի վերջո սաուդցիներն ընդունել են, որ տեղի է ունեցել միտումնավոր սպանություն, որի կազմակերպիչները կպատժվեն:
Խաշոգջին համարվել է Սաուդյան Արաբիայի թագավորության խիստ քննադատը: Թուրք իրավապահների համոզմամբ, նրան սպանել են հենց արքունիքից տրված հրահանգով:
Թագավոր Սալմանը և թագաժառանգ ու երկրի փաստացի ղեկավար Մուհամադ բին Սալմանը կտրականապես հերքել են սպանության հետ առնչությունը և ցավակցություն են հայտնել Խաշոգջիի ընտանիքին, ավելին, թագաժառանգը նույնիսկ անձամբ հանդիպել է ազգականներին և խոստացել է, որ մեղավորները կպատժվեն:
Թուրքական կողմը պնդում է, որ ունի սպանության փաստը հաստատող տեսա և ձայնային նյութեր: Անկարան սպանության հանգամանքների մասին տեղեկություններ է փոխանցել Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իշխանություններին:
Նախագահ Ռեջեփ Էրդողանը սաուդցիներից պահանջել է հայտնել լրագրողի դիակի գտնվելու վայրը:
Խաշոգջին հյուպատոսարան է գնացել ամուսնալուծության փաստաթղթերը ստանալու համար, դրանք անհրաժեշտ էին ամուսնության համար:
Նրա թուրք հարսնացու Հաթիջե Չենգիզը պահանջել է բացահայտել մեղավորներին և արդար դատավարությամբ պատժել նրանց: Նա մերժել է Սպիտակ տուն այցելելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը, ասելով, թե այն արվել է Ամերիկայում հանրության վրա տպավորություն գործելու համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեղարկել են Խաշոգջիի ավագ որդու՝ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող Սալահ Խաշոգջիի ազատ տեղաշարժի արգելքը և նա անմիջապես տեղափոխվել է ԱՄՆ:
Մինչդեռ խիստ ուշագրավ տեղեկություն է հայտնել բրիտանական The Daily Express պարբերականը, որը պնդում է, թե այն փոխանցել է մի արժանահավատ աղբյուր: Ըստ պարբերականի, բրիտանական հետախուզությունը տեղյակ էր Խաշոգջիին առևանգելու սաուդցիների մտադրության մասին: Աղբյուրը նշում է, որ հրահանգը տրվել է թագավորական շրջապատից, սակայն չի կարող վստահ պնդել, որ այն արձակել է անձամբ թագաժառանգը:
Ըստ աղբյուրի, Խաշոգջին ցանկացել է հրապարակել Եմենում Սաուդյան Արաբիայի բանակի կողմից քիմիական զենք կիրառելու մասին տեղեկություններ:
Սեպտեմբերի սկզբին բրիտանացիներն իմացել են, որ սաուդցիներն ուզում են առևանգել Խաշոգջիին, փոխադրել նրան Սաուդյան Արաբիա և հարցաքննել:
Բրիտանացիներն, իբր, սաուդցիներին հորդորել են չդիմել այդ գործողության, սակայն սաուդցիները բրիտանացիների հորդորն անտեսել են:
Խաշոգջիի սպանությունը չափազանց անհարմար կացություն է ստեղծել Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի հարաբերություններում: Մի կողմից, Արևմուտքի հանրությունը միանշանակ և շատ խիստ դատապարտել է լրագրողի սպանությունը և պահանջում է ազատ ու թափանցիկ հետաքննություն և դատավարություն:
Մյուս կողմից, էներգակիրների և ֆինանսական միջոցների ահռելի պաշար ունեցող թագավորությունը քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր է ամբողջ Արևմուտքի ու մասնավորապես Միացյալ Նահանգների համար: