Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան․ «Դռնից հանում ենք՝ ծխնելույզից բերել են»


«Սա ֆարս է, սա ժողովրդավարության տնազ է, սա ժողովրդավարության ֆարս է», - հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով խորհրդարանի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման մասին:

«Խոսքը չի գնում խորհրդարանի պատգամավորների սահմանադրական իրավունքի իրացման մասին՝ արտահերթ նիստ հրավիրելու, ի սեր Աստծո, ողջունելի է պատգամավորների կողմից իրենց իրավունքներից օգտվելու հանգամանքը, ֆարսը բովանդակությունն է: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրություններից 40 օր առաջ պարզապես զավեշտալի են: Հատկապես բացատրել նման հակաժողովրդավարական քայլը ժողովրդավարության ամրապնդմամբ՝ տնազ է ժողովրդավարության հանդեպ», - հայտարարեց Աշոտյանը:

«Բայց բարեփոխում են, չէ՞, պարոն Աշոտյան», - այս դիտարկմանը հանրապետական պատգամավորը հակադարձեց․ - «Կարծում եք, որ այն, ինչ հնարավոր է մանիպուլացնել Հայաստանում լրատվական հոսքով, հնարավոր է արդարացնել իրականում քաղաքական ու քաղաքագիտական զարգացումներո՞վ»:

«Անգամ եթե գրեն, որ այս օրենսգրքով Հանրապետականը 33 տոկոս ձայն պետք է ստանա, այս օրենսգրքի ընդունումը, ցանկացած օրենսգրքի ընդունումը ընտրություններից 40-41 օր առաջ պարզապես ծաղր է եվրոպական ժողովրդավարության հանդեպ, անկախ նրանից՝ այս օրենսգիրքը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞՝ ոչ: Դա բացարձակ կապ չունի քաղաքական շահի հետ», - վստահեցրեց Հանրապետականի փոխնախագահը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր գնահատականները «չեն վերաբերում սահմանադրականությանը այս իրադարձության՝ խնդիրը բովանդակությունն է»:

«Մի շաբաթ առաջ էս օրենսգիրքը չանցավ: Դռնից հանում ենք՝ հիմա ծխնելույզից բերել են», - նշեց Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը ծխնելույզի՞ց է բերել», նա հակադարձեց․ - «Չէ, մի կռվացրեք մեզ «Ծառուկյան» դաշինքի հետ, էդ բոլոր ձեր, կներեք, լրագրողական մանիպուլյացիաները հեռու պահեք: Իշխանությունն էլ է ուզում մեզ կռվացնել՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, Դաշնակցությանը, ՀՀԿ-ին, ինքն էլ կողքից նայի՝ ինչ է կատարվում, փորձի վայելել, այսպես ասած, ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելով․․․ «Ծառուկյան» դաշինքը, Դաշնակցությունը, «Ելք»-ը՝ «Ելք»-ի անդամ այլ կուսակցությունները ունեն սեփական քաղաքական շահեր, և այդ շահերը հարգվում են մեր կողմից: Եվ այստեղ խնդիրը նա չէ, որ «Բարգավաճ»-ն ու «Ելք»-ը միասին նախաձեռնել են այս նիստը՝ ակնհայտ է, որ այս ամենի հետևում իշխանությունն է, ավելին ասեմ՝ այս ամենի հետևում Նիկոլ Փաշինյանն է»:

Հարցին էլ՝ «իսկ ճնշումները շարունակվե՞լ են», Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Ճնշումների մասին մենք շատ ենք խոսել, ես գիտեմ նաև իմ որոշ նախկին գործընկերների արձագանքը, կարծում եմ, որ իրենք լավ գիտեն, թե որտեղ ում ոնց են բացատրել իրենց այդ քայլը՝ ում որտեղ և ինչպես են բացատրել իրենց այդ քայլերը, որոնք հակասում են Հանրապետական կուսակցության խմբակցության դիրքորոշմանը: Այսքանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG