Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը տապալվեց երկրորդ անգամ


ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի արտահերթ նիստում կրկին չընդունվեցին Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեկ շաբաթ առաջ բավարար թվով ձայներ չէին ստացել խորհրդարանում:

Այս անգամ չբավարարեց 1 ձայն․

անհրաժեշտ 63֊ի փոխարեն կողմ քվեարկեց 62 պատգամավոր: Նիստը նախագահող Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ նաև հետհաշվարկ կազմակերպեց, սակայն դա էլ չօգնեց:

Հատուկ քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան էր եկել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով գրեթե միշտ բացակայում է նիստերից: Թեև այս անգամ, խմբակցության 31 պատգամավորներն էլ ներկա էին և կողմ քվեարկեցին, նաև նրանք, ովքեր ըստ Ծառուկյանի վատառողջ էին, սափրված չէին, բայց միևնույն է, դա էլ չօգնեց:

«Կարևորը մենք մեր գործը կատարել ենք, որ մեզ չմեղադրեն, մեզ այլ բաներ չասեն։ Միասնական, մի մարդու պես 31 պատգամավոր այստեղ ա եղել, մենք կողմ ենք եղել, մնացածը թեղ իրանց մեջ փնտրեն։ Ես ասեմ՝ մարդիկ դրսից ենք բերել, կնոջը թողել ա ինքը եկել ա, մարդը, որ հիվանդ պառկած էր՝ բերել ենք: Մարդը, որ սկզբունքին հակառակ՝ էլի հանուն թիմի, հանուն Ծառուկյանի, ես իրանց ցավը տանեմ, մարդիկ մարդու պես կանգնել են», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք իրենց համար միևնո՞ւյնն է՝ ընտրություններին կմասնակցեն փոփոխված, թե հին Ընտրական օրենսգրքով, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պատասխանեց՝ իր համար միևույն է: - «Իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ», - հավելեց Ծառուկյանը։

«Ծառուկյան» խմբակցությունից բացի չընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկեց «Ելք» դաշինքը, ինչպես նաև 7 հոգանոց Դաշնակցություն խմբակցության 5 պատգամավորները: Դաշնակցական մյուս երկու պատգամավորները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը, բացակայում էին: Եթե նրանք մասնակցեին և կողմ քվեարկեին, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կընդունվեին:

Քվեարկությունից հետո, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ հանրությունը տեսավ ով էր բացակա, և ով ինչպես քվեարկեց:

«Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացակայել են և այն ուժը, որը իրենք ներկայացնում են, լինելու են գալիք Ազգային ժողովում։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա», - նշեց «Ելք» խմբակցության պատգամավորը։

Մեր հարցին, թե արդյոք փոփոխությունների ընդունման տապալման մեջ մեղադրում են հենց Դաշնակցությանը, Սիմոնյանը պատասխանեց՝ կան կոնկրետ անձինք, որոնք սաբոտաժ իրականացրեցին, որպեսզի Ընտրական օրենսգիրքը չփոփոխվի։

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է 3-րդ անգամ խորհրդարան բերեն փոփոխությունների նախագիծը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե դա անիմաստ են համարում: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, որով և առաջիկայում ընտրություններ կանցկացվեն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ համակարգը իրենց համար ընդունելի տարբերակ է և իրենք անցած ընտրություններում ավելի շատ ձայն էին հավաքել, քան Դաշնակցությունը, որն իշխանության մաս էր կազմում:

«Ռեյտինգայինը մեզ համար ընդունելի տարբերակ է։ Հիմա դուք ոնց եք կարծում Կենտրոն համայնքում, եթե ես որպես ռեյտինգային առաջադրվեմ պարոն Աշոտյանը կհաղթի, թե ես», - հավելեց պատգամավորը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությանը Հանրապետական խմբակցությունից դեմ էր քվեարկել 2 պատգամավոր՝ խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկա էր, բայց չմասնակցեց քվեարկությանը: Հանրապետականի պատգամավորների մեծ մասը՝ 38 հոգի, բացակայում էր նիստից: Փոխարենը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ էին քվեարկել Հանրապետական խմբակցությունից 9-ը պատգամավորներ, մասնավորապես՝ Գևորգ Կոստանյանը, Տաճատ Վարդապետյանը, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գևորգյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը, Շիրակ Թորոսյանը:

Քվեարկությունից հետո, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին դեմ քվեարկած Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց, թե խորհրդարանն այսօր ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ: Ըստ Աշոտյանի, Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի Հանրապետական կուսակցությանը, որը թույլ չտվեց, որ Հայաստանը հակաժողովրդական գործընթաց իրականացնի և ընտրություններից 40 օր առաջ օրենսգիրք փոխի:

«Կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց։ Ձախողվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը։ Կարծում եմ միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի Հանրապետական կուսակցությանը, որ ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն, որ թույլ չտվեց, որպեսզի Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքին», - ընդգծեց Աշոտյանը։

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ Հանրապետականի ռեյտինգային ցուցակով խորհրդարան եկած պատգամավորների զգալի մասն այլևս իրենց հետ չէ: Հանրապետականի փոխնախագահը շեշտեց՝ իրենք ուզում են փոխվել և առաջիկա ընտրություններին մասնակցել իբրև ընդդիմադիր ուժ:

«Մենք ուզում ենք ինքներս փոխվել, մենք ուզում ենք ինքներս մեր սխալների վերլուծության աշխատանքն ավարտել, մենք ուզում ենք թարմանալ և գնալ այս ընտրություններին որպես ազգային ընդդիմադիր քաղաքական ուժ։ Կարծում եմ Հանրապետականը ունի շանսեր հայտնվելու խորհրդարանում», - ասաց հանրապետական պատգամավորը։

Ընտրական օրենսգրքի փոփոխության 2-րդ տապալումից հետո «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է երրորդ անգամ էլ խորհրդարան բերել նախագիծը՝ իհարկե Փաշինյանի կառավարության հետ հարցը նախապես քննարկելուց հետո: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդգծում է՝ օրինագծի ընդունման համար 63 կողմ ձայն ապահովելու հնարավորություն կա: Քանի որ մեծ է հավանականությունը, որ հենց հին օրենսգրքով էլ քաղաքական ուժերը կգնան ընտրությունների, Զոհրաբյանին հարցրեցինք, արդյոք հենց իրենց ձեռնտու չէ, որ ռեյտինգային համակարգը մնա, ի վերջո այսօր իրենց խմբակցության մի շարք պատգամավորներ հենց այդ ընտրակարգով բազմաթիվ ձայներ են ապահովել դաշինքի համար։

«Միգուցե Դուք ճիշտ եք։ Եթե մենք առաջնորդվենք նեղ կուսակցական՝ «Բարգավաճ Հայաստանի» շահերով, ապա միգուցե այո՛, ռեյտինգային ընտրակարգը [ցանկալի է], որովհետև մենք ունենք ռեյտինգային շատ թեկնածուներ, բայց մեզ համար կարևոր է, որ մեզանում ներկուսակցական մշակույթ փոխվի», - նշեց Զոհրաբյանը։

Հարցին, թե արդյոք ռեյտինգայինով խորհրդարան անցած պատգամավորներին «Բարգավաճ Հայաստանը» կրկին առաջադրելու է, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե պատրաստ չէ պատասխանել, դեռևս պարզ չէ, թե ինչ սկզբունքով է կազմվելու իրենց նախընտրական ցուցակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG