Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 միլիարդ 130 միլիոն 144 հազար 343 դրամ: Նշված գործերից 14 միլիարդ 288 միլիոն 89 հազար 919 դրամի պատճառված վնասը բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8 միլիարդ 984 միլիոն 53 հազար 324 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7 միլիարդ 466 միլիոն 230 հազար 606 դրամը՝ Հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 33 միլիարդ 391 միլիոն 770 հազար 494 դրամը՝ Քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:
Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23 միլիարդ 553 միլիոն 817 հազար դրամ վնաս հասցնելու փաստով Գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը, ասված է հաղորդագրությունում:
Բացահայտված ընդհանուր վնասից 2018-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10 միլիարդ 554 միլիոն 316 հազար 736 դրամը, իսկ շուրջ 6 միլիարդ 922 միլիոն 245 հազար 802 դրամի վնասի վերականգնումը, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:
Ըստ հաղորդագրության, ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել շուրջ 1 միլիարդ 730 միլիոն 406 հազար 983 դրամի տույժ-տուգանք: