Մատչելիության հղումներ

Նոյեմբերի մեկին ԱԺ ազատ կարձակվի. Նիկոլ Փաշինյան


Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովն ազատ կարձակվի, հայտարարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, չբացառելով, որ չորեքշաբթի օրը կարող է չընտրվելու նախապայմանով կրկին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու:

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, հիշեցնենք անհրաժեշտ է, որ եկող շաբաթ ԱԺ երկրորդ անգամ չընտրի նոր վարչապետ։

«Մենք կունենանք արձակված խորհրդարան, թե ինչ սցենարով մի քանի օր է մնացել, կտեսնենք։ Նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին և ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ ուղղակի ես նախորդ քննարկման ժամանակ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ-որ կցանկանայի ասել, - նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչը, մասնավորապես, խոսելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան կատարած այցի արդյունքներից, գրել էր՝ նոր կառավարությունն «ավերում է այն ինչը ստեղծվել է տասնամյակներով»։

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացման արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնեմ Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին։ Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն», - արձագանքեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով նախկին իշխանություններն առաջնորդվում են հին տրամաբանությամբ և դրա պատճառով էլ իր հայտարարությունների մեջ կուլիսային գործարքներ են փնտրում։

«Մենք այդպիսի գործելակերպ չենք ունենալու, որովհետև ես չգիտեմ ոնց են նախկինում համարվել, ես չեմ համարում, որ Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն է, կամ ես, կամ որևէ վարչապետ։ Իրենք հին տրամաբանությամբ են գնում, որ իրենք ինչպես սեփականաշնորհել էին Ղարաբաղի հարցը իրենց, հիմա էլ ուզում են Ղարաբաղի հարցը սեփականաշնորհեն ինձ՝ առանց իմ կարծիքը հարցնելու և մարդկանց կարծիքը հարցնելու»,- ընդգծեց Վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը պնդեց՝ ի տարբերություն նախկին իշխանությունների ինքը ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ մինչև այժմ որևէ բան չի թաքցրել ժողովրդից։ - «Եթե իրենք անընդհատ թաքցրել են, ինչի՞ համար են թաքցրել, այդտեղ դավադրություն է եղել: Ինչո՞ւ են թաքցրել, ինչո՞ւ որևէ Հայաստանի ղեկավար չի եկել ամեն հանդիպումից հետո ուղիղ եթեր մտել, ասել՝ ժողովուրդ ջան մենք Ալիևի հետ խոսել ենք էս, էս, էս։ Այսինքն ես եկել եմ, ասել եմ, որ մենք այսպիսի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ասել եմ, որ պայմանավորվել ենք, որ ուղիղ կոմունիկացիա պետք է լինի։ Հետո, երբ որ ուղիղ կոմունիկացիան հաստատվել է, ես տեղեկացրել եմ հանրությանը, ժողովրդին Ազգային ժողովի ամբիոնից։ Դե իրենք, որ չեն կարողացել դա անեն ես մեղավո՞ր եմ։ Իրենց համար դեռ շատ զարմանալի բաներ են տեղի ունենալու», - նշեց Փաշինյանը։

Օրեր առաջ Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ըստ էության նոր իշխանություններին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկ էր արել։ Վարչապետի պաշտոնակատարից այսօր հետաքրքրվեցինք, ի վերջո Հայաստանը կգնի՞ սպառազինություն Միացյալ Նահանգներից։

«Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ մենք կքննարկենք», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը երեկ հանդիպել էր հայաստանյան գործարարների հետ, ասաց՝ հանդիպումից համոզվել է բիզնես միջավայրում դրական մթնոլորտ է։

«Ասում էին, որ լավատեսություն է տիրում համընդհանուր գործարար դաշտում, և իմիջիայլոց՝ թվերն էլ դա են ցույց տալիս։ Մեր տնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ ցավոք սրտի մեր տնտեսության վիճակը երբեմն կախված է 1-2 ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից։ Որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մի հատ մինի փոթորիկ առաջացնի, և ես հույս ունեմ այդպիսի մարդիկ բոլորը գիտեն, որ մենք իրանց տեղերը գիտենք և քամի չեն ցանի, որովհետև փոթորիկ կստանան ի պատասխան», - հավելեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG