Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ Հայաստանում ներդրումներ անելու մտադրությունները:
«Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: - «Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը։
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ:
«Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե գործընկերության մեր պայմանն է և առաջարկը բոլոր ներդրողներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: