Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թբիլիսիում այսօր հայտարարել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն:
Նա կարծիք է հայտնել, որ Պուտինի այցը ամենայն հավանականությամբ տեղի կունենա, բայց թե օրակարգում ինչ հարցեր կլինեն՝ հիմա չի կարող ասել:
Նշենք, որ Պուտինին Վաշինգտոն հրավիրելու մասին հայտարարվեց Վրաստանում, որի դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ մեկ տասնամյակ առաջ խզվել են ու մինչև հիմա վերականգնված չեն:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները միջազգային համաժողովների շրջանակներում մի քանի հանդիպում են ունեցել, բայց պաշտոնական երկկողմ հանդիպում մեկ անգամ է անցկացվել, անցած հուլիսին՝ Հելսինկիում:
Այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հարցին, Բոլթոնն ասել է, որ 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի հետ կապված Միացյալ Նահանգները Ռուսաստանի հանդեպ սահմանել էր հնարավոր պատժամիջոցները:
Բոլթոնը ասել է, որ նոյեմբերի 11-ին Փարիզում նախատեսված Թրամփ - Պուտին հանդիպումը կարճ է լինելու և չի կարող ասել, թե արդյո՞ք նրանք կանդրադառնան Վրաստանի խնդրին:
Բոլթոնը նշել է, որ Վրաստանի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները և վրաց-ամերիկյան հարաբերությունները:
ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին այսօր անդրադարձել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև վերջին տարիներին հրաշալի հարաբերություններ են հաստատվել:
- «Կարող եմ ուղիղ ասել, որ ներկա պահին մեր երկրների հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս է պաշտոնապես վերադարձել քաղաքականություն: