Թուրքմենստանում, որտեղ պետական մակարդակով նշվում է Հեծանվի օրը, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում կտեղադրվի հեծանվի արձան, ինչպես նաև կկազմակերպվի զանգվածային հեծանվավազք:
«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության փոխանցմամբ Թուրքմենստանում հեծանիվը քարոզվում է պետական մակարդակով: Այդ ամենն արվում է անձամբ նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաձեռնությամբ: Նրա մասնակցությամբ վերջին մի քանի տարիներին երկրում կազմակերպվում են հեծանվավազքի մրցաշարեր, որոնցում հիմնականում հաղթում է երկրի նախագահը:
Պետական լրատվական գործակալության հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «հեծանիվը ոչ միայն տրանսպորտի հարմարավետ միջոց է, այլ նաև դրական ազդեցություն ունի մարդու տրամադրության և ինքնազգացողության վրա»:
«Ազատության» թուրքմենական ծառայությունը նշում է, որ չնայած հեծանիվներին անցնելու քարոզին, դրանով տեղաշարժվելու համար երկրում չկան անհրաժեշտ պայմաններ՝ հատուկ ճանապարհներ, կանգառներ:
61-ամյա Բերդիմուհամեդովը, ով աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Թուրքմենստանը ղեկավարում է 2007 թվականից, ներկայանում է նաև որպես երաժիշտ, բժիշկ, մարզիկ: