Մատչելիության հղումներ

Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախագահական ընտրություններ են


Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական վահանակը Թբիլիսիի փողոցներից մեկում
Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական վահանակը Թբիլիսիի փողոցներից մեկում

Վրաստանի նախագահական ընտրություններին երկու օր մնաց։ Կիրակի օրը Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ համաժողովրդական քվեարկության միջոցով նախագահ են ընտրելու։

Հաջորդ նախագահներն արդեն ընտրվելու են խորհրդարանի կողմից, եթե իհարկե մինչ այդ սահմանադրական էական փոփոխություններ չկատարվեն։

Չնայած Վրաստանի նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, նա չէ երկրի ղեկավարը, որոշումներ ընդունողը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 28-ի ընտրություններին 25 թեկնածու է առաջադրվել։ Նշենք, որ նրանցից երեքը գործազուրկ են։

Առաջատար թեկնածուները նախկինում բոլորն էլ զբաղեցրել են արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, Գրիգոլ Վաշաձեն, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն ևս մի քանի ամիս արտգործնախարար է եղել։

Financial Times-ը գրում է, որ 15 տարի առաջ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի դեսպանն էր Վրաստանում, իսկ հիմա Վրաստանի նախագահի թեկնածուներից մեկն է և պայքարում է իր հանդեպ քննադատությունների և հարձակումների դեմ։

Financial Times-ի հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, թե ընդդիմությունը փորձում է վարկաբեկել ընտրությունները։ «Նրանք ցանկանում են երրորդ փուլը խաղալ փողոցներում», - ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ իրատեսական չէ այն գաղափարը, թե մարդիկ ավելի շատ բռնություն են ցանկանում փողոցներում և ելույթներում․ - «Մարդիկ տնտեսական իրավիճակի փոփոխություն են ցանկանում։ Նրանք խաղաղություն են ցանկանում»:

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում, նա ֆրանսիացի դիվանագետ է, հետո է Վրաստանի քաղաքացիություն ընդունել։ Նրան քննադատողները հիմա կասկածի տակ են դնում նաև նրա հայրենասիրությունը։

Քաղաքագետ Կորնելի Կակաչիան ասել է, թե անցած քարոզարշավը լարված էր և խիստ բևեռացված։

«Թեկնածուներից յուրաքանչյուրն ասում էր, թե մյուսը Ռուսաստանի մարիոնետն է։ Ամեն ինչ բավականին տգեղ էր։ Բոլորի կարգախոսները թվում է այսպիսին էին՝ «ես անթերի չեմ, բայց մյուսներից լավն եմ», - ընդհանրացրել է վրացի քաղաքագետը։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ ասել է. - «Համոզված եմ՝ հոկտեմբերի 28-ը Վրաստանում ժողովրդավարության հաղթանակի ևս մեկ օր կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG