Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններում խորհրդարան անցնելու Հանրապետական կուսակցության վերջին հույսը ռեյտինգային ընտրակարգն է, համոզված է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Ընտրական օրենսգրքի նախագծի գլխավոր փոփոխությունը ռեյտինգային համակարգի մերժումն է և անցումը ամբողջական համամասնական ընտրակարգին: Հանրապետականը շարունակում է դիմադրել նախագծի ընդունմանը: Երկուշաբթի նախագծի քվեարկությանը խմբակցության մեծամասնությունը չմասնակցեց, խմբակցությունից երեք դեմ արձանագրվեց: Հաջորդ շաբաթ արտահերթ նիստում դարձյալ քննարկվելու է այս նախագիծը, իսկ ՀՀԿ-ն դիրքորոշումը չի փոխել:
«Մարզերում, հատկապես փոքր համայնքներում, ամեն դեպքում անձանց հեղինակությունը չափազանց կարևոր է և հնարավոր է, որ ՀՀԿ-ն ունենալով գրեթե զրոյական վարկանիշ, այնուամենայնիվ, տեղերում, մարզերում, հեռավոր քաղաքներում, գյուղերում ունենա այնպիսի ներկայացուցիչներ, որոնք առանց փող բաժանելու անգամ, իրենց անձնական հեղինակությամբ ձայներ բերեն կուսակցությանը», - ասաց քաղաքագետը։
ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Ռաֆիկ Գրիգորյանը, Ալիկ Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, որոնք 2017-ին ստացել էին հազարավոր ձայներ, մինչ Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ քննարկումը խուսափեցին ասել հարազատ կուսակցության համար նախկինի պես աշխատելո՞ւ են, թե ոչ: Այս պատգամավորները խոստացան այդ հարցին պատասխանել Ընտրական օրենսգրքի քվեարկությունից հետո: Փոխարենը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը վստահ է՝ կուսակցությունում հեղինակավոր թեկնածուների պակաս չկա և ընդունելի է գործող Ընտրական օրենսգիրքը։
«Ընդհանրապես, մենք, այո, ունենք մարդիկ, որոնք հեղինակություն ունեն, մենք ունենք տարածքային կառույցներ, բայց կրկնում եմ՝ մենք չենք որոշել ձևաչափ, մենք չենք մտածել ինչի համար ընդունենք կամ չընդունենք։ Այ դա ձեր կամ իշխանության տեսակետն է, դա չենք քննարկել։ Այսինքն ես մնում եմ այն կարծիքին, որ մինչև մենք ընտրություններ, անպայման, գնայինք այն փաստաթղթով, որով որ նախկինում ենք գնացել», - նշեց Աճեմյանը։
Մինչդեռ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային ժողովում ՀՀԿ-ին զգուշացրեց, որ նոր Ընտրական օրենսգրքով հնարավորություն կունենան ընդդիմադիր ուժի կարգավիճակը պահպանելու, քաղաքական բանավեճի հարթակ տեղափոխվելու, հակառակ դեպքում իրենց ռևանշիստական մղումները հանգեցնելու են զրո ձայնի:
«Հենց էդ ռևանշիստական մղումները պահեցիք, ընտրությունները մենք ուզենք-չուզենք լինելու է սև ու սպիտակ տրամաբանությամբ։ Դուք 0 ձայն եք ստանալու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Քննարկվող նախագծով պարտադիր է համարվում խորհրդարանում 4 ուժի ներկայացվածությունը ներկայիս 3-ի փոխարեն: Կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմն էլ մեկական տոկոսով նվազել է: Իսկ 4-րդ ուժի համար նվազագույն շեմը սահմանված է 2 տոկոսը: Քաղաքագետի կարծիքով, թեև 2 տոկոսը ՀՀԿ-ի համար խորհրդարան անցնելու շանս է, սակայն ոչ պատվաբեր։
«Ես կարծում եմ ՀՀԿ-ի համար ոչ պատվաբեր կլինի մի կերպ հաղթահարելը այդ 2 տոկոսը։ Նրանք ավելի շատ կցանկանային թեկուզ չանցնել խորհրդարան, բայց հետագա 5 տարիների համար դիրքավորվել որպես հիմնական ընդդիմադիր ուժ», - հավելեց Արմեն Բաղդասարյանը։
Հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստում կրկին քննարկվելու է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Այն կընդունվի, եթե 63 պատգամավոր կողմ քվեարկի: Նախորդ անգամ օրինագծի ընդունմանը պակասեց ընդամենը յոթ քվե, ԲՀԿ-ից քվեարկությանը չմասնակցեց 4 պատգամավոր՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանը: