Մատչելիության հղումներ

Ռուսաստանը C-400-ների առաքումը Թուրքիա կսկսի ուղիղ մեկ տարուց․ Աքար


Ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ
Ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը Թուրքիա կմեկնարկի ուղիղ մեկ տարի հետո` 2019 թվականի հոկտեմբերին: Այս մասին Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը` Anadolu-ին տված հարցազրույցում ասել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Թուրքիայում C-400 համակարգերի տեղակայման գործընթացը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Այժմ մենք զբաղված ենք այն անձնակազմի ընտրությամբ, որը սպասարկելու է հակաօդային պաշտպանության այս համակարգերը», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը` հավելելով, որ այդ անձնակազմի ուսուցման հարցում ևս Ռուսաստանը Անկարային լուրջ աջակցություն է ցուցաբերելու:

«Այն մարդիկ, ում մենք կընտրենք որպես C-400 համակարգերի սպասարկող անձնակազմի անդամներ, 2019 թվականի սկզբին արդեն կմեկնեն Ռուսաստան` հատուկ վարժանքների: Այնտեղ նրանք համապատասխան գիտելիքներ կստանան, կվերադառնան Թուրքիա և կանցնեն մարտական հերթապահության», - հայտարարում էր Հուլուսի Աքարը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, չի հստակեցնում, թե երկրի որ շրջաններում են տեղակայվելու ռուսական նորագույն հակաօդային համակարգերը: «Այդ որոշման կայացումը վերապահված է ռազմաօդային ուժերի հրամանատարությանը», - նշել է Աքարը:

Անդրադառնալով արևմտյան պետությունների ներկայացուցիչների մտավախություններին, թե C-400-ները կարող են օգտագործվել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգի դեմ, Աքարը պնդում է․ - «Մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ մեկը միջամտի [հակաօդային պաշտպանության] ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի գործունեությանը: Կարծում եմ, որ մեր արևմտյան գործընկերների մտահոգությունները հիմնազուրկ են: Նրանք ի վերջո պետք է ըմբռնեն, որ C-400 համակարգերի ձեռքբերումը մեզ համար ոչ թե ցանկության խնդիր էր, այլ անհրաժեշտություն»:

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախարարը նաև նշում էր, որ Անկարայի վերջնական ցանկությունը հակաօդային պաշտպանության սեփական արտադրություն հիմնելն է:

«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ` փորձելով գնորդից վերածվել արտադրողի», - ասել է Աքարը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ` հունիսին, ամերիկյան Սենատը հատուկ օրինագիծ հաստատեց, որով C-400 համակարգերի ձեռքբերման, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների ձերբակալությունների պատճառով արգելափակում էր F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը Թուրքիային:

Հուլուսի Աքարի պնդմամբ, սակայն, Անկարայում որևէ բացասական զարգացում այս խնդրում չեն սպասում:

«Հունիսին Տեքսաս նահանգի Ֆորթ Ուորթ ռազմակայանում մեզ փոխանցվեցին առաջին երկու F-35 օդանավերը: Այժմ թուրք օդաչուները Միացյալ Նահանգներում հատուկ վարժանքներ են անցնում: Երբ օդանավերը տեղափոխվեն Թուրքիա, դրանք կտեղակայվեն Մալաթիա քաղաքում գտնվող ռազմական օդանավակայանում», - հայտարարում է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG