Մատչելիության հղումներ

Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը շնորհվեց ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին


Եվրախորհրդարանը Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը շնորհեց ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին: Այդ մասին այսօր Ստրասբուրգում հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Օլեգ Սենցովը Ռուսաստանում բանտարկվել է 20 տարվա ազատազրկման ահաբեկչական մեղադրանքով: Նա չի ընդունել մեղադրանքը, հայտարարելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ծննունդով Սիմֆերոպոլից Օլեգ Սենցովը հրապարակավ դեմ էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:

Ստրասբուրգում Անտոնիո Տայանին հայտարարելով որոշման մասին ասաց. - «Իր խիզախության և վճռականության շնորհիվ, վտանգելով սեփական կյանքը, Սենցովը դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարի խորհրդանիշը»։

Նա Ռուսաստանին կոչ արեց անհապաղ ազատել Սենցովին, որովհետև երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը լրջորեն վատացել է:

Մայիսի 24-ից Սենցովը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանի բանտերում պահվող ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Նա հացադուլը դադարեցրեց հոկտեմբերի 6-ին, որպեսզի մեկուսարանի հսկիչներին թույլ չտա հարկադրաբար կերակրել իրեն:

Սենցովը ձերբակալվել է Ղրիմում՝ 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց թերակղզին: Այնուհետև ռուսական դատարանը նրան դատապարտեց 20 տարվա ազատազրկման:

Սենցովի փաստաբան Դմիտրի Դինզեն «Ազատություն» ռադիոկայանի «Настоящее время» ծրագրին ասաց, որ մրցանակակիր դառնալու մասին Օլեգ Սենցովը հավանաբար կիմանա հարազատների, կամ ծանոթների նամակներից, որոնք նրա կալանավայր են հասնում երկու շաբաթվա մեջ:

Սենցովի կալանավայրը գտնվում է Ռուսաստանի հեռավոր հյուսիսում՝ Յամալո- Նենեցկի ինքնավար մարզում:

Սենցովի զարմուհին «Ազատությանը» ասել է, թե Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը «Սենցովին կօգնի դիմանալ և իմանալ, որ իր մասին չեն մոռացել»:

Ռուսաստանցի հայտնի գիտնական, այլախոհ Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենալու Ստրասբուրգում, դեկտեմբերի 12-ին: Մրցանակը նաև 50 հազար եվրո դրամական պարգև է ներառում:

Մրցանակը Սենցովին շնորհելու Եվրախորհրդարանի որոշմանը արձագանքել են շատ առաջնորդներ, քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ: «Ամբողջ ժողովրդավարական աշխարհը Ուրաինայի հետ միասին պայքարում է Սենցովի ազատության և կյանքի համար», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Սենցովին ու Ռուսաստանի իշխանություններին կոչ արել ազատ արձակել նրան:

Թվիթերում Դոնալդ Տուսկը գրել է. -«Ես կրկին կոչ եմ անում Մոսկվային ազատ արձակել Սենցովին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, որոնց ձերբակալությունները հետևեցին Ռուսատանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG