Մատչելիության հղումներ

Օբամա, Քլինթոն, Դե Նիրո. պայթուցիկներով ծանրոցների հասցեատերերի ցանկը ընդլայնվում է


Պայթուցիկ սարքերով ծանրոցները, որ վերջին օրերին ուղարկվել էին ամերիկացի մի շարք հայտնի դեմոկրատ գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբամային, միևնույն մարդու ձեռքի գործն են:

Այս մասին Associated Press գործակալությանը փոխանցել են Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները: Bloomberg-ի տեղեկություններով, պայթուցիկ սարքերի բաղադրությունն առայժմ անհայտ է:

Ամերիկյան միջանկյալ ընտրություններից հաշված օրեր առաջ Բարաք Օբամայից բացի, կասկածելի ծանրոցների հասցեատեր են դարձել նաև 2016 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, Դեմոկրատական կուսակցությանը տրամադրած շռայլ նվիրատվություններով հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսական Դեբի Վասերման-Շուլցը: Ամերիկացի մեկ այլ օրենսդիր` Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Մաքսին Ուոթերսի գրասենյակը միանգամից երկու կասկածելի փաթեթ է ստացել: Բարաք Օբամայի նախագահության տարիներին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջոն Բրենանի համար նախատեսված ծանրոցը ուղարկվել է CNN հեռուստաընկերության Նյու Յորքի գրասենյակ:

Ամերիկյան լրատվամիջոցները նկատում են, որ պայթուցիկներով բոլոր ծանրոցները հասցեագրված են նախագահ Թրամփի ընտրազանգվածի շրջանում բավական ցածր վարկանիշ ունեցող գործիչներին: Չնայած գաղափարական հակասություններին, նախագահ Թրամփը չորեքշաբթի երեկոյան դատապարտեց դեմոկրատներին պայթուցիկներով ծանրոցներ ուղարկելու փաստը` նշելով, որ այս առթիվ արդեն իսկ դաշնային հետաքննություն է մեկնարկել:

«Սա այն ժամանակաշրջանն է, երբ մենք պետք է միավորվենք: Մենք պետք է միասնաբար շատ հստակ ուղերձ հղենք` քաղաքական բռնության սպառնալիքները Ամերիկայի Միացյալ Նահանգներում անընդունելի են», - հայտարարել է Թրամփը Վիսկոնսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքում:

Այսօր առավոտյան արդեն նախագահ Թրամփը Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է պայթուցիկներով ծանրոցների շարունակվող պատմությանը` գրելով․ - «Մեր հանրության շրջանում առկա ցասման հիմնական պատճառները առաջատար լրատվամիջոցների կամ ինչպես ես եմ դրանց անվանում` «կեղծ լուրեր տարածողների» կողմից հեռարձակվող կանխամտածված ստերն ու ոչ ճիշտ տեղեկություններ են: Իրադրության վատթարացումն ու ատելության խորացումն աննկարագրելի են: Կեղծ լուրեր տարածողներին հարկավոր է արագորեն զտել»:

Ամերիկյան ոստիկանության տվյալներով, մինչև այս պահը իրավապահները կարողացել են հայտնաբերել ութ կասկածելի ծանրոց: Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի համար նախատեսված ևս մեկ ծանրոցի որոնումները, ըստ Reuters գործակալության, դեռ շարունակվում են: Իսկ մի քանի ժամ առաջ ոստիկանության աշխատակցիները Նյու Յորքի Թրայբեկա թաղամասում ևս մեկ կասկածելի փաթեթ են հայտնաբերել, որի հասցեատերը, ըստ BBC-ի, աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն է:

«Այսօր մենք ահաբեկման փորձերի ականատեսն ենք դարձել: Տեղի ունեցածը հստակ ահաբեկչական գործողություն է», - մեկնաբանելով ինքնաշեն պայթուցիկ սարքերով ծանրոցների առաքումները հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG