Եվրախորհրդարանը Մտքի ազատության Անդրեյ Սախարովի անվան 2018 թվականի մրցանակը շնորհել է ուկրաինացի ռեժիսոր, Ռուսաստանում ազատազրկված Օլեգ Սենցովին, ով դատապարտել է Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների աջակցությունը:
«Իր խիզախության և վճռականության շնորհիվ, վտանգելով սեփական կյանքը՝ Սենցովը դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարի խորհրդանիշը»,- այսօր Ստրասբուրգում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ով պահանջել է անհապաղ ազատել ռեժիսորին:
Սենցովը ռուսական բանտում է կրում 20 տարվա ազատազրկման պատիժը: Ռուսները Սենցովին մեղադրել են ահաբեկչության հոդվածով:
Սենցովը հոկտեմբերի 6-ին ավարտել է քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով մայիսին սկսած հացադուլը:
Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի դափնեկիրը ստանում է նաև 50 հազար եվրոյի դրամական պարգև:
Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին և շնորհվում է իրավապաշտպան առաքելության համար: