ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իրավապահները կբացահայտեն մի շարք անվանի մարդկանց հասցեներով պայթուցիկներով ծանրոցներ ուղարկողներին և միաժամանակ մամուլին հորդորել է «վերջ տալ Սպիտակ տան նկատմամբ անսահման թշնամական կեցվածքին»:
Պայթուցիկներով փաթեթները հասցեագրվել են դեմոկրատական կուսակցության հայտնի գործիչներին և մեծ ճանաչում ունեցող այլ մարդկանց, ովքեր հայտնի են որպես նախագահ Թրամփի քաղաքականության խիստ քննադատներ:
Խոստանալով բացահայտել հանցագործներին՝ Թրամփը նաև կոչ է արել «վերջ տալ Սպիտակ տունը մշտապես բացասական երանգներով որակելու և սուտ պատմություններ տարածելու գործելակերպին»:
Խոսելով պայթուցիկներով փաթեթների մասին, նախագահն ասել է, թե «քաղաքական բռնությունը Միացյալ Նահանգներում տեղ չունի, և կառավարությունն ու պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ճշմարտությունը պարզելու համար, պայթուցիկներ ուղարկողներին կբացահայտեն»:
Այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ պայթուցիկներով փաթեթներ են հասցեագրվել նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, CNN հեռուստակայանին, կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանին, դեմոկրատական կոնգրեսական Մաքսին Ուոթերսին, արդարադատության նախկին նախարար Էրիք Հոլդերին, միլիարդատեր և մեկենաս Ջորջ Սորոսին:
Փաթեթները չեն պայթել և նշված անձանց որևէ վնաս չեն պատճառել: Իրավապահ մարմինների մասնագետները ոչնչացրել են դրանք: Հետաքննությունների դաշնային գործակալությունը որոնում է չարագործներին:
Մինչդեռ, Թրամփի քննադատներն ասում են, որ բռնությունը երկրում խթանում է հենց նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը և մամուլին պիտակավորելու գործելակերպը:
«Սպիտակ տունը բացարձակ չի ըմբռնում լրատվամիջոցների վրա հարձակումների հետևանքների ողջ լրջությունը»,- հայտարարել է CNN-ի համաշխարհային հեռարձակման ծրագրերի նախագահ Ջեֆ Ցուկերը: