Մատչելիության հղումներ

Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մամուլի ազատության աստիճանը Հայաստանում


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան երեկ ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով նաև իր լրագրողական երկարամյա գործունեությունը՝ այս հարցն իր համար ունի սկզբունքային նշանակություն:

Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է մամուլի ազատ գործունեությունը, ինչին իր պաշտոնավարման ընթացքում երբևէ որևէ վտանգ չի սպառնա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրի բարեփոխումները միտված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խոսքի ազատության ապահովմանը:

Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մամուլի ազատության աստիճանը Հայաստանում և ողջունել այդ ուղղությամբ կառավարության գործունեությունն ու քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ տեղի են ունենում մեծ փոփոխություններ և ԵԱՀԿ-ն կարևորում է մամուլի և խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ Հայաստանում առկա մթնոլորտն ու գործելաոճը:

Հարլեմ Դեզիրն ընդգծել է պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկության հետևողական բարձրացման ուղղությամբ համապատասխան բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և ողջունել կառավարության նիստերն ու տեղի ունեցող քննարկումներն ուղիղ հեռարձակումների միջոցով ԶԼՄ-ներին և ընդհանրապես հանրությանը ներկայացնելու քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունից:

Երկրում մամուլի անկախության ապահովման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Զանգվածային լրատվական միջոցներին միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր մեխանիզմներով օժանդակության ցուցաբերումն ու այդ ուղղությամբ ծրագրերի ընդլայնումը:

Հարլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG