Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ


.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ առաջիկայում կբացահայտվի Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը՝ հավելելով, որ խոսքը պատգամավորներից մեկին առնչվող գործի մասին է․ - «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որը արդեն հարյուր տոկոսով ապացուցված գործ ա, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի․․․ պաշտոնական պատասխանին ենք սպասում: Որ որը մտավ, նախաձեռնություն ա լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Կաշառքի գործ»:

Սակայն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, գործով պահանջվող փաստաթղթի՝ Հայաստան ուղարկելն արդեն 3 ամիս է ձգձգվում է․ - «Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան․․․ ձգում են․․․ Լավ, կարելի ա մի ամիս էլ ձգել: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, կաշառքի այս խոշոր դեպքի բացահայտմանը թելերով կապված են այլ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։

Ավելի ուշ լրագրողները փորձեցին այլ մանրամասներ ճշտել հայտարարության վերաբերյալ:

Փաշինյանը այդպես էլ չնշեց, թե կոռուպցիոն գործում ներգրավված պատգամավորը որ խմբակցությունից է, սակայն մանրամասնեց, որ սպասում են բանկային խոշոր փոխանցման մասին վկայող փաստաթղթի․ - «Դա բանկային փոխանցման մասին թուղթ է, որի ոչ պաշտոնականը մենք ունենք: Դրա համար եմ ես համոզված ասում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հավատում, թե այդ պատգամավորը կարող է լինել «Ծառուկյան» դաշինքից, թեև չի ցանկանում նաև կատեգորիկ հայտարարություններ անել․ - «Ես ուղղակի չեմ հավատում, որ «Ծառուկյան» դաշինքում հնարավոր է նման պատգամավոր, որը, ինչպես ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, շատ մեծ կոռուպցիոն սկանդալի մեջ է ներքաշված: Ես գրեթե բացառում եմ նման տարբերակ»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մինչդեռ, վստահ է, որ Փաշինյանի ասած՝ 3-րդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն գործարքում ներգրավված պատգամավորը իրենց խմբակցությունից չէ․ - «Դատելով պարոն Փաշինյանի հայտարարությունից, արդեն ինչ-որ պրոցես գնում է: Մեր հետ կապված որևէ պրոցես չկա, և ես բացառում եմ, որ էդպիսի բան լինի: Մենք երբևէ չենք հանդուրժի էդպիսի որևէ մեկին: Բայց սա նորից մտածելու տեղիք է տալիս․ մի կողմից ասում ենք՝ չենք միջամտում, էդ թեմաների մեջ չենք մտնում, բայց հայտարարություն է անում վարչապետը, ինչը տալիս է տպավորություն, որ ինքը լավ էլ էս գործից տեղյակ է»:

Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ հավանաբար քննում են գործը, «Ազատությանը» հայտնեցին, որ որևէ մեկնաբանություն Փաշինյանի հայտարարության հետ կապված չունեն։

Այլ աղբյուրից «Ազատությանը» հայտնի դարձավ, որ քննվող կոռուպցիոն գործում ներգրավված պատգամավորը Հանրապետական խմբակցությունից է, սակայն, ինչպես այսօր շրջանառում էր մամուլը, օֆշորային սկանդալում նախկինում հայտված Միհրան Պողոսյանը չէ։

Այլ մանրամասներ հնարավոր չեղավ պարզել։

XS
SM
MD
LG