Հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար և երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին համոզմունք է հայտնում` առաջիկա ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով:
Իվանիշվիլիի համոզմամբ, նախագահական ընտրություններում հաղթելու է «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:
«Կարծում եմ, որ հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկա ընտրությունները կավարտվեն մեկ փուլով: Բայց անգամ երկրորդ փուլի անցկացման պարագայում ես որևէ կասկած չունեմ, որ հաղթելու է տիկին Սալոմեն», - հայտարարում էր Իվանիշվիլին` վրացական երեք առաջատար հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որ տևեց ավելի քան երկուսուկես ժամ:
Դրա ընթացքում Իվանիշվիլին հերթական անգամ իր անվերապահ աջակցությունը հայտնեց Սալոմե Զուրաբիշվիլիին` քննադատելով նաև քարոզչական այն արշավը, որ ծավալվել էր իշխանության թեկնածուի դեմ` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո:
«Մենք ռմբակոծել ենք մեր իսկ քաղաքացիներին: Որևէ նախագահ նման իրավունք չունի: Ես այսօր էլ Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից եմ, սակայն ցանկանում եմ, որ որևէ նախագահ չռմբակոծի սեփական քաղաքացիներին և սեփական երկրի տարածքը», - սեպտեմբերի սկզբին հեռարձակված հարցազրույցներից մեկում հայտարարում էր Զուրաբիշվիլին:
Վրացական ընդդիմությունը` նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, նախագահի թեկնածուի այս հայտարարությունը որպես դավաճանություն որակեցին: Իվանիշվիլին, սակայն, համոզված է` դավաճանները նախկին իշխանության ներկայացուցիչներն են, որոնց քայլերի արդյունքում Վրաստանի տարածքի մոտ 20 տոկոսը այսօր օկուպացված է:
«Սաակաշվիլին է ռմբակոծել սեփական բնակչությանն, այլ ոչ թե Վրաստանը: Այս առումով իմ մոտեցումը լիովին համընկնում է Սալոմե Զուրաբիշվիլիի մոտեցումների հետ: Սաակաշվիլիի գործողությունների արդյունքում Ռուսաստանը կարողացավ կյանքի կոչել իր ավելի քան մեկդարյա երազանքը: Սաակաշվիլինբացեց ռուսական զորքիճանապարհը դեպի Վրաստան», - հայտարարում էր «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: