Այս մասին Թրամփը հայտարարել է երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
«Դա կատարյալ ֆիասկո էր: Առաջին իսկ օրվանից` այն պահից, երբ նրանց մտքով նման բան անցավ: Ամբողջ գործընթացը շատ վատն էր, սպանությունը և այն, ինչ կարելի է դրա պարտակում անվանել, ևս միանշանակորեն շատ վատն էին», - հայտարարել է Թրամփը` հատուկ ընդգծելով, թե այն ուժերն ու գործիչները, որոնք իրականացրել են Ջամալ Հաշոգիի սպանությունը, չպետք է անգամ մտածեին նման քայլի մասին:
Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը հանդիսացող Ջամալ Հաշոգին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսություն այցելության ընթացքում:
Հետագայում թուրքական հատուկ ծառայությունները մի շարք տվյալներ բացահայտեցին, որոցից պարզ դարձավ, որ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանի տարածքում հատուկ Էր-Ռիյադից ժամանած 15 հոգանոց խմբի կողմից: Սաուդյան Արաբիայի իշխանությունները շուրջ երկու շաբաթ կտրականապես հերքում էին, թե որևէ առնչություն ունեն տեղի ունեցածին: Միայն թուրքական կողմի ներկայացրած անհերքելի ապացույցներին առերեսվելուց հետո պաշտոնական Էր-Ռիյադը ստիպված եղավ ընդունել, որ Հաշոգին սպանվել է իբր հյուպատոսության տարածքում ծագած ծեծկռտուքի ընթացքում:
Դոնալդ Թրամփի խոսքով, վերջին օրերին ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն ու հատուկ ծառայությունները Հաշոգիի սպանության թեման ակտիվորեն քննարկում են նախևառաջ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իշխանությունների հետ` զուգահեռաբար սեփական հետաքննություն անցկացնելով:
«Ես խոսել եմ [Սաուդյան Արաբիայի] թագավորի հետ: Երեկ խոսեցի նաև թագաժառանգի հետ, որը միանշանակորեն պնդեց, որ տեղի ունեցածի հետ որևէ առնչություն չունի: Ամեն ինչ [ըստ նրա] տեղի է ունեցել ավելի ցածր մակարդակում: Այս պահին Սաուդյան Արաբիայում գտնվող մեր աշխատակիցները վերադառնում են հայրենիք: Շատ տաղանդավոր մարդիկ ունենք նաև Թուրքիայում, որոնք համագործակցում են այդ երկրի ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչների հետ: Վաղը ցերեկը մենք նրանց բոլորի հետ կհանդիպենք: Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ մեզ հաջողվել է մեծաքանակ տեղեկատվություն հայթայթել: Կարծում եմ, մենք կունենանք այն ողջ տեղեկատվությունը, որ մեզ անհրաժեշտ է: Ամեն դեպքում սա շատ, շատ տխուր և սարսափելի իրադարձություն է Սաուդյան Արաբիայի համար», - հայտարարել է Թրամփը:
Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, չի ցանկանում սահմանափակվել զուտ դիվանագիտական ճնշմամբ և Սաուդների արքայական ընտանիքից հնչող հավաստիացումները լսելով: Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով, Սաուդյան Արաբիային չի հաջողվի խուսափել նաև պատժամիջոցներից: Առայժմ խոսքը այսպես կոչված անհատական պատժամիջոցների մասին է:
«Պետդեպարտամենտը շարունակելու է անհրաժեշտ փաստեր հայթայթելու գործընթացը, խորհրդակցելու է Կոնգրեսի հետ, աշխատելու է այլ պետությունների հետ՝ Ջամալ Հաշոգիի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Մենք արդեն իսկ կարողացել ենք պարզել պատասխանատուների մի մասի ինքնությունը: Նրանք հատուկ ծառայությունների, արտաքին գործերի նախարարության, թագավորական դատարանի, Սաուդյան Արաբիայի մի շարք այլ գերատեսչությունների աշխատակցիներ են, որոնք կասկածվում են պարոն Հաշոգիի սպանությանն առնչություններ ունենալու մեջ: Մենք այժմ համապատասխան քայլերի ենք դիմում, այդ թվում` վերը հիշատակված մարդկանց ամերիկյան մուտքի վիզաների չեղարկումը», - հայտարարել է պետքատուղար Փոմփեոն:
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, Վաշինգտոնում չեն ցանկանում խաթարել հարաբերությունները մերձավորարևելյան տարածաշրջանում առանցքային դաշնակիցներից մեկի հետ, սակայն չեն կարող նաև անտեսել այն, ինչ կատարվեց Ջամալ Հաշոգիիի հետ:
«Մենք հստակորեն հայտարարում ենք, որ Միացյալ Նահանգները չի կարող հանդուրժել պարոն Հաշոգիին լռեցնելուն ուղղված նման անողոք գործողությունը: Մենք շարունակում ենք զարգացնել մեր սերտ համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ: Ո՛չ ես և ո՛չ էլ նախագահը առանձնապես ուրախ չենք ստեղծված կացության առթիվ: Դրա հետ մեկտեղ մեր և Սաուդյան Արաբիայի ընդհանուր ռազմավարական շահերը պահպանվում են», - նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը: